Մատչելիության հղումներ

Մահացած զինծառայողի մայրը արդար դատ է պահանջում


Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը Պաշտպանության նախարարից պահանջում է պատժել «իրոք մեղավորներին»:

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը ասաց, թե Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջում է արդար դատ. - «Ես մարդկային դատ եմ ուզում, արդար դատ եմ ուզում: Սեյրան Օհանյանը պարտավոր է վերադարձնել իմ որդուն… Վերադարձը կլինի այն ժամանակ, ու ես կասեմ` կեցցե'ս, Սեյրան Օհանյան, դու պատժեցիր մեղավորներին, իրոք մեղավորներին, բանակի ճակատից մաքրեցիր կեղտը»:

Հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Հասմիկ Հովհաննիսյանը նաեւ իր դժգոհությունը հայտնեց նախաքննության ընթացքից` ասելով, թե այն ընթանում է բազմաթիվ թերություններով:

Մասնավորապես, նրա պնդմամբ, չեն վերցրել Արտակի մատնահետքերը, մատնահետքեր չեն վերցրել նաեւ այն զենքից, որից, ըստ պաշտոնական վարկածի, Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել: Բացի այդ, չի կնքվել այն տունը, որտեղ ծառայության ընթացքում բնակվել է Արտակ Նազարյանը, եւ, ինչպես պնդեց Հասմիկ Հովհաննիսյանը, անհետացել է Արտակ Նազարյանի օրագիրը, որտեղ նա պարբերաբար գրառումներ էր անում:

Հովհաննիսյանը կրկին պնդեց, որ իր որդին ինքնասպան լինել չէր կարող. - «Դա ինքնասպանություն չէ. միանշանակ հայտարարում եմ: Ի լուր աշխարհի հայտարարում եմ` իմ տղային սպանել են: Ես գտնում եմ, որ իմ տղային ծեծել են, ջարդել են, փշրել են… Տեսել են, որ կենդանության նշաններ չկան կամ ուշքի չի գա, իրենք պատասխան են տալու, ինքնասպանության իմիտացիա են արել: Իմ տղան իրենց ճանապարհին ընկած քար է եղել. այդ քարը իրենք հեռացրել են»:

Նազարյանի մայրը, ինչպես նաեւ մյուս հարազատները բազմիցս հայտարարել են, որ Արտակը խնդիրներ է ունեցել զորամասի ղեկավարության հետ:

Նախաքննությունն իրականացնող քննիչ Սարգիս Մադաթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի կարող որեւէ տվյալ հրապարակել` հիմնավորելով նախաքննության գաղտնիությամբ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում, հիշեցնենք, ձերբակալվել են տվյալ զորամասի չորս զինծառայողներ:


Մայրը արդար դատ է պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG