Մատչելիության հղումներ

Օգոստոսի 11-ի մամուլ


Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը, ով, հիշեցնենք, պաշտոնավարել է 1991-1995 թվականներին, «Ժամանակ» թերթի հետ զրույցում թվարկում է այն հրատապ քայլերը, որոնք հնարավորություն կտան դրական տեղաշարժեր ապահովել հայկական բանակում.- « Առաջին` պետք է մշակվեն եւ իրականացվեն քայլեր կոռուպցիոն դրսեւորումները բանակից հեռացնելու ուղղությամբ: Այստեղ լուրջ անելիք ունի թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը պետք է հնարավորություն ունենա հեռացնել բանակից բոլոր այն բարձրաստիճան հրամանատարներին, որոնք ունեն բիզնես հետաքրքրություններ բանակում եւ բանակից դուրս: Կառավարությունը պետք է մշակի եւ ներկայացնի Ազգային Ժողով բանակին վերաբերող լուրջ եւ ամբողջական սոցիալական փաթեթ: Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարությունում պետք է քննարկվի Արցախում ծառայող կամավորական զորակոչիկներին արտոնություններ տրամադրելու հարցը: Նաեւ այս պահին տեղին է Արցախի Պաշտպանության բանակի համակարգում մեծացնել պայմանագրային զորամասերի տեսակարար կշիռը»: «Հույս ունեմ, որ պետական բոլոր կառույցները եւ հատկապես պաշտպանության ներկա նախարարը ոչ թե մակերեսային, այլ լուրջ հետեւություններ կանեն եւ կոնկրետ քայլեր կձեռնարկեն ճգնաժամը հաղթահարելու համար, որի արդյունքում կվերականգնվի բանակի մարտունակության ամենակարեւոր օղակի` զինվորի եւ սպայի արժանապատվությունը», - եզրափակում է Անդրանիկ Քոչարյանը:

«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում առկա այն մտայնությունները, թե ղարաբաղյան հարցի լուծումն առավելապես կախված է գերտերությունների, մասնավորապես, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի կամքից` Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասում է. - «Կարծում եմ, ղարաբաղյան հարցը ուրիշների քմահաճույքին հանձնելը պայմանավորված է մեր ներքին իրավիճակով: Մենք դադարել ենք ինքներս մեզ հավատալ, եւ սա գուցե հետեւանքն է ազգային մտածելակերպի վատագույն դրսեւորումների, իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ դաստիարակչական աշխատանքի բացակայության: Իսկ դաստիարակչական աշխատանքն ընդհանրապես սեփական օրինակով է կատարվում: Սեփական օրինակը տվյալ դեպքում ամենաբացասական դերն է խաղում: Եվ ուրեմն, ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը կարող է տնտեսական հարցերից առաջացած լինեն, բայց հուսալքության մթնոլորտը, քաղաքացու, ընտանիքի, գերդաստանի կամ մի ամբողջ ժողովրդի հուսալքության իրավիճակը չի կարող տարածվել նրա կենսապահովման միայն մեկ ոլորտի վրա: Չի կարող մարդը մտածել` այ, ես տնտեսապես վատ եմ, այ, դատարաններում անարդարություն է, ես այս մասով հուսալքված եմ, բայց` հայրենիքը մենք կպաշտպանենք, մենք կջարդենք ցանկացած թշնամու…Այդպես չի լինում», - ասում է Վահան Հովհաննիսյանն ու շարունակում. - «Որքան մենք ներսում ամուր լինենք, որքան համերաշխ հասարակություն ստեղծենք, արդար հասարակություն ստեղծենք` աղքատ, բայց արդար հասարակություն, այդ ժամանակ մենք արդեն կհաջողենք»:

«Հրապարակ»-ը «Հացի թանկացումը ջեբկիրություն է» վերնագրի ներքո գրում է. - «Անհասկանալի թանկացումները Հայաստանում շարունակվում են: Արդեն մոտ մեկ շաբաթ է` թանկացել է նաեւ ալյուրը: Ալյուրի թանկացումը կապում են միջազգային շուկայում ցորենի թանկացման հետ, չնայած միջազգային շուկայում ցորենի գինն արդեն սկսել է նվազել: Ալյուրը հանկարծակի ու միանգամից թանկացել է նաեւ Արմաշում, որտեղ գործում է մեծ ալրաղաց: Մեկ պարկ բարձր տեսակի ալյուրը 9 հազար 100 դրամից դարձել է 10 հազար 500 դրամ: Վեդի քաղաքի բնակիր Վանիկ Սարգսյանի խոսքով` Արմաշում իրավունք չունեին այդքան եւ միանգամից թանկացնել ալյուրը, քանի որ դեռ կա ալյուրի պահուստային պաշար: «Մինչեւ պահուստային պաշարը չավարտվի, ի՞նչ իրավունքով են պահուստային պաշարի ալյուրը թանկացնում: Թող դա ավարտվի եւ նոր ներկրածը թանկացնեն: Օրը ցերեկով թալանում են ժողովրդին եւ իրենք հարստանում: Սա ջեբկիրություն է, անխղճություն», - դժգոհում է Վանիկ Սարգսյանը»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. - «Երեկ առավոտյան խանութների այցելուներին նոր գնային անակնկալ էր սպասվում: Թանկացել է կաթնամթերքը: Մասնավորապես բարձրացել են «Մուլտի Գրուպ»-ի կաթնամթերքի գները: Գների բարձրացումը, ինչպես տեղեկացանք խանութներից, պայմանավորված է բացառապես մատակարարի` հենց «Մուլտի Գրուպ»-ի սահմանած նոր գներով: Վերջինս միջինը 10-13 տոկոսով բարձրացրել է իր արտադրանքների մեծածախ գները: «Մուլտի Գրուպ»-ում հաստատեցին, որ իրենք բարձրացրել են իրենց արտադրանքի գները»: «Դա պայմանավորված է նրանով, որ բարձրացել է մթերվող կաթի գինը», - թերթի թղթակցին հայտնել է ընկերության մատակարարման բաժնի աշխատակիցներից մեկը, որը խուսափել է ներկայանալ: Վերջինիս խոսքերով, մթերվող կաթի գնի աճն էլ իր հերթին պայմանավորված է եղանակային պայմաններով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG