Մատչելիության հղումներ

Դավիթ Հովհաննիսյան. «Բրայզայի կապերը չեն կարող չանդրադառնալ նրա գործունեության վրա»


Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար
Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար
Դեսպանի անձը հսկայական դեր ունի նրա գործունեության ընթացքում որոշումներ ընդունելու կամ իրականացնելու տեսանկյունից, - ասաց քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հետաձգմանը:

Մեկնաբանելով հայկական լոբբինգի եւ հայամետ սենատորների մտավախությունները, որ Բրայզայի` ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած լինելու հանգամանքը կվնասի հայկական շահերը, դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող քաղաքագետը ընդգծեց. - «Ելնելով իմ անձնական փորձից, ինչպես նաեւ իմ դիտարկումներից, տարբեր երկրների դեսպանների գործունեությունը վերլուծելուց` կարծում եմ, որ դեսպանի անձը եւ նրա նախասիրությունները, միտվածությունները հսկայական դեր են կատարում իր գործունեության ընթացքում որոշումներ ընդունելու կամ դրանք իրականացնելու տեսանկյունից»:

«Որովհետեւ հասկանալի է, որ դեսպանը այն երկրում, որտեղ որ ներկայացնում է իր պետությունը, ներկայացնում է իր երկրի նախագահի ոչ միայն ռազմավարական դիրքորոշումները, ոչ միայն այդ երկրի քաղաքականության ռազմավարական ուղղվածությունը, այլ նաեւ բոլոր ոլորտներում այդ երկրի շահերը` սկսած ամենամանր ոլորտներից, փոքր, երրորդական, տասներորդական նշանակություն ունեցող, եւ, բնականաբար, այդ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ իր գործունեության ընթացքում ինքը հնարավորություն ունի ազդելու թե' որոշումների ընդունման գործընթացի վրա եւ թե' քաղաքականության իրականացման վրա», - մանրամասնեց Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով. - «Այս տեսանկյունից, կարծում եմ, որ դեսպանի դերակատարությունը հսկայական է, եւ կարծում եմ, որ շատ խորքային կապերը Ադրբեջանի ղեկավարության հետ, Ադրբեջանում տարբեր խմբերի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական դաշտում աշխատող, ֆինանսատնտեսական դաշտում գործունեություն ծավալած տարբեր ազդեցիկ խմբերի հետ` անշուշտ, Մեթյու Բրայզայի որոշումների եւ գործունեության վրա այս ամենը իր անդրադարձը չի կարող չունենալ»:

Քաղաքագետի կարծիքով, Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, այնուամենայնիվ, կհաստատվի: «Եվ այդ տեսանկյունից շատ կարեւոր եմ համարում, որպեսզի Սենատի լսումների ընթացքում հնարավորինս մանրամասն քննարկվի եւ հաստատագրվի այն գործունեությունը, որը պետք է նորանշանակ դեսպանը ծավալի, որպեսզի նա արդեն հաստատագրված որոշակի պարտավորություններով եւ հստակ սահմանված դիրքորոշումներով սկսի իր գործունեությունը», - ամփոփեց Դավիթ Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG