Մատչելիության հղումներ

Թմրամոլների թիվը ավելացել է


Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:
Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին տարվա ընթացքում Հայաստանում մոտ 50 տոկոսով ավելացել է ներարկային ճանապարհով ծանր թմրամիջոցներ օգտագործողների թիվը:

Եթե 2009 թվականի հունվարի 1-ի տվյալներով, գրանցված էր ծանր թմրամիջոցներ օգտագործող 1100 մարդ, ապա 2010-ի հունվարին նրանց թիվն անցել է 1700-ից:

Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանի փոխանցմամբ, իրական թվերը մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական տվյալները:

«Կա նաեւ վիճակագրություն, որը ուսումնասիրությունների արդյունքում մոտավորապես ստացված տվյալներն են` հավանական ճշտությամբ: Ուսումնասիրությունների տվյալներով, Հայաստանում կա 5-7 հազար թմրամոլ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Սեմերջյանը:

Այդ աճը, ըստ նրա, ունի երկու պատճառ. - «Թմրամոլների քանակի ավելացում Հայաստանի Հանրապետությունում եւ առողջապահության համակարգ դիմելիության շատացում: Այդ վերջինն ունի իր պատճառը` թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացված է Հայաստանում»:

Սեմերջյանը նշեց, որ Հայաստանում կան նաեւ կանեփից պատրաստված թմրամիջոցներ օգտագործողներ, որոնց թիվը շուրջ 25 հազար է:

Թմրամոլների աճը Հայաստանի գլխավոր նարկոլոգը չի պայմանավորում սոցիալական պայմաններով կամ գործազրկության աճով: Դրա պատճառը, ըստ նրա, «կրիմինալ մշակույթն է»:

Հարցին, թե թմրամոլների աճը նշանակում է արդյոք, որ կրիմինալ մշակույթը Հայաստանում ավելի մեծ տարածում է գտնում` Սեմերջյանը արձագանքեց. - «Դուք այդ հարցը ուղղեք ոստիկանությանը: Ես կարող եմ խոսել թմրամոլության մասին: Երկրում ինչ երեւույթ կա, անպայման տարածվում է ուրիշ խավերի վրա, այս երկրի բոլոր քաղաքացիների վրա»:

Թմրամոլների բուժումը, Սեմերջյանի վստահեցմամբ, արդյունավետ է: Այդուհանդերձ, բուժվածների մոտ 80 տոկոսը որոշ ժամանակ հետո նորից վերադառնում է թմրամիջոցներին, ինչը, նրա խոսքով, «ոչ բուժական խնդիր է», քանի որ մարդը վերադառնում է «իր հին շրջապատը, հին ընկերների մոտ»:

Գլխավոր նարկոլոգը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի համար լուրջ խնդիր են դարձել արյան միջոցով փոխանցվող հիվանդությունները:

«Ծանրագույն խնդիր: Թմրամիջոցների օգտագործումը, բացի նրանից, որ ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, բերում է իր հետ նաեւ արյունածին վարակներ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ… Մենք չունենք մի հատ թմրամոլ, որը չունի հեպատիտ C», - ասաց նա:

Վիճակագրություն չկա, թե քանի մարդ է տարեկան մահանում թմրամոլությունից:

«Երբ մարդը մահանում է, ինքը չի մահանում թմրամիջոցից: Ինքը մահանում է սրտի կանգից, շնչառության կանգից, լյարդի ցիռոզից: Եվ մահը արձանագրվում է, ասենք, սրտի կանգից, կամ լյարդի ցիռոզից առաջացած մահ», - ասաց Պետրոս Սեմերջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG