Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Լուկաշենկան խոստացել է ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»


Ալեքսանդր Լուկաշենկա
Ալեքսանդր Լուկաշենկա

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանից անջատված շրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջազգային ճանաչմամբ, սակայն դա ինքնանպատակ չպետք է լինի, երեքշաբթի օրը Սոչիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ հիշեցրել, որ այդ երկրները ճանաչելու խոստում է տվել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան։

«Նա` Լուկաշենկան, հանդիսավորապես խոստացավ ամենամոտ ապագայում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը», - ասել է Մեդվեդեւը եւ ընդգծել, որ այդ խոսակցությանը ներկա են եղել նաեւ ԱՊՀ-ի երկրների մի շարք այլ ղեկավարներ։

«Ռուսաստանը, իհարկե, ուզում է, որ ճանաչման գործընթացը շարունակվի, սակայն դա ինքնանպատակ չպետք է լինի. այդպիսի խնդիր դրված չէ», - ընդգծել է նախագահ Մեդվեդեւը։

Վերլուծաբանների համոզմամբ` Կրեմլը միտումնավոր է հենց այժմ հիշեցնում Բելառուսի նախագահին շուրջ երկու տարի առաջ տրված խոստման մասին. ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին, Բելառուսի նախագահն ու Վրաստանի առաջնորդը հանդիպում էին ունեցել Ղրիմում՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդյան տարեդարձին։ Հանդիպումից մի քանի օր անց Բելառուսի հեռուստատեսության առաջին ալիքը եթեր էր հեռարձակել հարցազրույց Միխեիլ Սահակաշվիլիի հետ, որտեղ Վրաստանի նախագահը բացահայտ քննադատել էր Ռուսաստանի քաղաքականությունը եւ երախտագիտություն հայտնել Բելառուսին՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ որդեգրած « հավասարակշռված դիրքորոշման» համար։ Սահակաշվիլի - Լուկաշենկա հանդիպումը միանգամից առաջ էր բերել Կրեմլի զայրույթը։ Ու թեեւ Լուկաշենկան մի քանի անգամ արդեն «պարզաբանումներ» է ներկայացնել ու հավաստիացրել, թե այն «ուղղված չէր որեւէ երրորդ կողմի դեմ», այդուամենայնիվ, երկու դաշնակիցների միջեւ լարվածությունը, ըստ փորձագետների, չի մարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG