Մատչելիության հղումներ

«Լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը ժամանակի խնդիր է»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առանց մեր` որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի, մասնակցության պարզապես իրական չէ», - ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Դա ընդունում են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների, ցանկացած հարցերի քննարկման, ինչի մասին մշտապես հայտարարում ենք: Հաշվի չառնել ղարաբաղյան կողմի տեսակետը պարզապես անհնար է, անգամ չնայած այն բանին, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով բանակցային գործընթացը ձեւախեղվել է: Կարծում եմ, որ լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը սոսկ ժամանակի խնդիր է», - ասել է նա:

Հարցին, թե կան արդյոք տարաձայնություններ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումների միջեւ բանակցությունների մարտավարության առումով, Բակո Սահակյանը պատասխանել է, որ Արցախը երախտապարտ է Հայաստանին` բանակցություններում իրենց շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու համար, սակայն կրկին շեշտել է, որ հակամարտությունն անհնար է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության` բազմիցս հնչեցրած պատրաստակամությանը Լեռնային Ղարաբաղին առավելագույն ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի նախագահը դա որակել է «քաղաքական սպեկուլյացիա»` շարունակելով. - «Ադրբեջանի կազմում որեւէ լայն կամ այլ բնույթի ինքավարության մասին խոսք լինել չի կարող: Հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով, այն է` միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը»:

Ըստ Բակո Սահակյանի, Ստեփանակերտը պարբերաբար հանդես է գալիս փոխադարձ վստահությունն ամրապնդելուն ուղղված առաջարկներով. - «Օրինակ` ետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Սակայն ադրբեջանական կողմը խափանում է ցանկացած առաջարկ»:

Չբացառելով հակամարտության ուժային լուծման եւ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը, Սահակյանը, այդուհանդերձ, քիչ հավանական է համարել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը:

«Նախ, հակամարտող կողմերի միջեւ գոյություն ունի ուժերի բավական արդյունավետ հավասարակշռություն: Երկրորդ, պատերազմը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ հազիվ թե միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդ երկրները հետաքրքրված են Հարավային Կովկասի պես ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանում անկանխատեսելիությամբ եւ անկայունությամբ: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ունի մարտունակության շատ բարձր մակարդակ, եւ ի զորու է ոչ միայն հակազդել հնարավոր ագրեսիային, այլեւ` անհրաժեշտության դեպքում կարող է ռազմական գործողությունները տեղափոխել ագրեսորի տարածք», - նշել է Բակո Սահակյանը` հավելելով, որ ուժային տարբերակը հեռանկար չունի, ուստի անհրաժեշտ է «բոլոր ջանքերն ուղղել խաղաղ բանակցություններին»:

«Վերապրելով պատերազմի փորձը` ավելի ենք գնահատում խաղաղությունը», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Պատասխանելով շփման գծում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը վերաբերող հարցին` Սահակյանը նախ հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը միակն է աշխարհում, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի ուժերով, եւ հավելել է. - «Խաղաղապահների տեղակայման հարցը լրջորեն հնարավոր է դիտարկել միայն հիմնախնդրի լուծման վերջնական փուլում, երբ համաձայնեցված կլինեն բոլոր հիմնական հարցերը եւ կգա համաձայնությունների իրականացման ժամանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG