Մատչելիության հղումներ

Ռուսաստանի մշակույթի նախարարը խոչընդոտում է «Ֆեյրվելի գործը» ֆիլմի ցուցադրությանը


Կադր «Ֆեյրվելի գործը» ֆիլմից
Կադր «Ֆեյրվելի գործը» ֆիլմից

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում էկրան բարձրացավ ֆրանսիացի ռեժիսոր Կրիստիան Կարիոնի «Ֆեյրվելի գործը» ֆիլմը՝ 20-րդ դարի ուշագրավ լրտեսական սկանդալներից մեկի մասին։

80-ականների սկզբին՝ «սառը» պատերազմի տարիներին, տեղի ունեցած այս իրական պատմությունը ժամանակին հանգեցրեց ավելի քան 150 խորհրդային հետախույզների բացահայտմանն ու արտաքսմանը Արեւմուտքից։

Պատմության իրական հերոսը ԿԳԲ–ի գնդապետ Վլադիմիր Վետրովն է, որի կերպարը ֆիլմում մարմնավորել է հանրահայտ սերբ ռեժիսոր եւ դերասան Էմիր Կուստուրիցան։

Տարիներ շարունակ գաղտնի ծառայություններում աշխատելուց հետո, ֆիլմի սցենարի համաձայն, Վետրովը հիասթափվել է խորհրդային համակարգից եւ Արեւմուտքի դեմ աշխատելու փոխարեն՝ ավելի քան 4 հազար էջ հույժ գաղտնի փաստաթղթեր փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։

Տարիներ շարունակ Ֆեյրվել (Հրաժեշտ) ծածկանվան տակ գործող ռուս լրտեսին ԿԳԲ-ն բացահայտել է խիստ պատահաբար եւ դատապարտել մահվան։

«Զղջում եմ միայն մեկ բանի համար, որ չկարողացա ավելի մեծ վնաս հասցնել Խորհրդային Միությանն ու ավելի շատ ծառայել Ֆրանսիայի Հանրապետությանը»,- գրել է Ֆեյրվել-Վետրովը, ով չի ընկրկել նույնիսկ կյանքի ամենադժվարին պահերին, ու հարցաքննության ժամանակ քննիչից թուղթ ու գրիչ է խնդրել՝ գործող խորհրդային համակարգը սուր քննադատության ենթարկելու համար։

«Նա իսկական տղամարդու պես է պահել իրեն, եւ ներում հայցելու փոխարեն՝ որոշել է շարադրել այն, ինչ իսկապես մտածում էր իշխանությունների մասին», - ասում է ֆիլմի սցենարիստ Սերգեյ Կոստինը եւ ընդգծում. - «Այդ մարդը խորհրդային չափանիշներով ամեն ինչ ուներ. ապահովված կյանք, լավ աշխատանք, ամառանոց, մեքենա, սակայն, համաձայնել էր վտանգի տակ դնել ոչ միայն իր ազատությունը, այլեւ կյանքը»։

Ռուս գնդապետի տրամադրած տեղեկությունների հիման վրա միայն Ֆրանսիան 1983 թվականին ավելի քան 45 խորհրդային դիվանագետի արտաքսեց Փարիզից։ Արտաքսված դիվանագետներից մեկը Խորհդային Միության այն ժամանակվա դեսպանն էր Ֆրանսիայում՝ Ալեկսանդր Ավդեեւը, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը։ Ֆիլմի հեղինակների խոսքով, այս փաստը մի քանի անգամ վտանգել է նկարահանումները, իսկ այժմ կասկածի տակ է դնում դրա ցուցադրությունը Ռուսաստանում։

«Սկզբում ֆիլմի գլխավոր դերը առաջարկել էինք ռուս դերասան Սերգեյ Մակովեցկուն։ Նա համաձայնել էր, սակայն նկարահանումներից 6 շաբաթ առաջ անսպասելի զանգ ստացավ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանից եւ հրաժարվեց նախագծից», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ֆիլմի ռեժիսոր Կրիստիան Կարիոնը եւ հավելել. - «Ես դիմեցի Սերգեյ Միխալկովին, խնդրեցի միջամտել։ Օգնելու փոխարեն, սակայն, նա պատասխանեց՝ դուք Ռուսաստանում չեք գտնի մի դերասան, ով կհամաձայնի դավաճանի դեր ստանձնել, եւ երբեք չեք ստանա Ռուսաստանում նկարահանումներ կատարելու իրավունք, այնպես որ՝ մոռացեք Ռուսաստանի մասին, մոռացեք Մոսկվայի մասին»։

Կադր «Ֆեյրվելի գործը» ֆիլմից
Ֆրանսիացի ռեժիսորը նաեւ հայտարարում է, թե նախկին դիվանագետ, ներկայումս մշակույթի նախարար Ավդեեւը թույլ չի տվել իրենց ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնում ցուցադրել եւ հայտարարել է, թե այն Ռուսաստանում էկրան չի բարձրանա, քանի դեռ ինքը կենդանի է։

Վետրովի դավաճանության շնորհիվ բացահայտված խորհրդային հետախույզներն ու արտաքսված դիվանագետները, մասնավորապես, պնդում են, թե ֆիլմում Ֆեյրվելին հերոսացրել են, մինչդեռ իրականում գործակալը սեփական շահերով է առաջնորդվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG