Մատչելիության հղումներ

19-ամյա երիտասարդի պնդմամբ, ոստիկանությունում ծեծով ցուցմունք են կորզել իրենից


19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը անցկացվող դատական նիստում հայտարարեց, թե իրեն Բերդ քաղաքի ոստիկանությունում ծեծել են ու ստիպել բացատրություն գրել, որ գողություն է կատարել:

Գրիգորը Մաթեւոսյանը մեղադրվում է Բերդում անցյալ տարի սեպտեմբերին ավտոմեքենայի մագնիտոֆոնի գողության համար: Նրա փաստաբան Կարինե Գասպարյանը պնդում է, որ քրեական այս գործը սկզբից մինչեւ վերջ ոստիկանության ձեռքով է սարքվել ու բազմաթիվ հակասություններով է մտել դատարան:

Գողության մեջ մեղադրվող երիտասարդը բողոքում է գլխացավերից, հիշողության կորստից ու երիկամների հատվածում ցավերից, նրա թեւերի վրա ածելու հետքեր կան:

Հայրը՝ Հրայր Մաթեւոսյանը, պատմում է, թե որդին մինչ այդ առողջ էր ու գանգատներ չուներ:

Գրիգորը բժշկական փորձաքննություն չի անցել: Փաստաբանը դա բացատրում է նրանով, որ ոստիկանությունն այդ կերպ փորձել է կոծկել ծեծի դեպքը:

Նիստը վարող դատավոր Աշոտ Խաչիկյանը այսօր գործով որոշում չկայացրեց: Փոխարենն ասաց, որ դատաքննության ընթացքում կպարզվի, արդյոք ոստիկանները ծեծել են երիտասարդին, թե ոչ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե քանի որ գործը գտնվում է դատարանում, պատասխան չեն կարող տալ՝ դատաքննությամբ կպարզվի, արդյոք երիտասարդին ոստիկանությունում ծեծել են, թե չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG