Մատչելիության հղումներ

Ռուս սատանայականները դատապարտվել են դաժան սպանության համար


Յարոսլավլի դատարանը 6 երիտասարդների դատապարտել է 8-ից 20 տարվա ազատազրկման, եւս մեկը ճանաչվել է անմեղսունակ եւ ուղարկվել է հոգեբուժարան։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, սատանայական աղանդի 7 անդամները` Ալեքսանդր Վորոնովը, Ալեքսեյ Սոլովյովը, Ալեքսեյ Չիստյակովը, Անտոն Մակովկինը, Կսենիա Կովալեւան, Կոնստանտին Բարանովը, Սերգեյ Կարպենկոն եւ խմբի լիդեր Նիկոլայ Օգոլոբյակը, անցյալ տարվա հունիսի վերջին դաժանաբար սպանել են իրենց ընկերներին` Անյա Գորոխովային, Օլյա Պուխովային, Վարյա Կուզմինային եւ Անդրեյ Սորոկինին։

Երկու ամիս անց իրավապահները հայտնաբերել են սպանվածների խոշտանգված եւ մասնատված դիակները։ Սատանայական ծեսերով կատարված սպանություններից հետո երիտասարդները հանցագործության վայրում են տեղադրել սատանայականների խորհրդանիշը` շրջված խաչ դրա վրա գամված կատվով։

Իրենց սերնդակիցների սպանությունները կատարելու պահին հանցագործներից վեցը դեռահաս է եղել։ Միայն բանդայի լիդեր Օգոլոբյակն էր չափահաս։ Նա այսօր դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Մնացած սատանայականներին դատապարտել են 8-ից 10-ը տարվա ազատազրկման։ Բանդայի անդամ Կարպենկոյին մեղադրել են միայն դիակներն անարգելու մեջ եւ դատապարտել են 2 տարվա աքսորի։ Այս տարվա մայիսի 31-ին կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել այս գործով նրա փաստաբան Սերգեյ Վանտեեւը։ Այդ ինքնասպանությունն, ըստ իրավապահների, առնչություն չի ունեցել սատանայականների գործի հետ։

Անմեղսունակ ճանաչված Մակովկինի` փակ հոգեբուժարանում պարտադիր գտնվելու ժամկետը դեռ որոշված չէ։

Սպանվածների հարազատները դժգոհություն են հայտնել մեղմ պատժաչափերի առթիվ։

«Դա է Ռուսաստանի օրենքը, նույնիսկ եթե տասը դիակ լինի, նույնիսկ ամենասարսափելի հանցագործության պարագայում, դեռահասի նկատմամբ առավելագույն պատիժը 10-ը տարի է», - պարզաբանել է Յարոսլավլի մարզային դատախազության ներկայացուցիչ Տատյանա Ռաչկնսկայան։

Սպանության դրդապատճառները հայտնի չեն, երիտասարդ հանցագործները չեն զղջացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG