Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «ունի ցանկացած ընտրության միայնակ գնալու հնարավորություն»


ՀՀԿ-ի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի կանխատեսմամբ, իրենց կուսակցությունը «յուրաքանչյուր ընտրության ունի բոլոր հնարավորությունները միայնակ գնալու եւ ունենալու մեծ հաջողություն»:

«Չեմ կարծում, որ անհրաժեշտությունը կամ կարիքը կա, որ կոալիցիայով կամ բլոկով գնա»,- երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց Նիկոյանը:

Նրա խոսքով, ընտրությունների հաջորդ իսկ օրվանից Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է նոր ընտրություններին: Այդուհանդերձ, նա ասաց, որ ՀՀԿ-ն դեռ վաղ է համարում խոսել կուսակցական ընտրացուցակի մասին:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀՀՇ-ի 16-ում համագումարում ունեցած ելույթին` Նիկոյանը ասաց. - «Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ ասաց, որ եթե ուզում ենք լավ ապրել, ապա Լեռնային Ղարաբաղը պետք է հանձնենք: Հայաստանում դա առաջացնում է միայն եւ միայն հետեւյալը, որ նախագահ է եղել, ընդդիմության լիդեր է, նման բան որ ասում է, ուրեմն մի բան գիտի, ուրեմն մեր երկիրը անհեռանկար է, մենք թույլ ենք, մենք չենք կարող պատերազմել Ադրբեջանի հետ...»:

«Սա Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն եւ հայտարարություն է», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը` շարունակելով. - «Բայց, իհարկե, ես այն կարծիքին չեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը արել է հենց այդ նպատակով: Իմ խորին համոզմամբ, հայտարարությունը ուղղված էր առաջին հերթին իր շրջապատին: Ասում էր` ես այսպես եմ մտածում, այսպես եմ տրամաբանում, դուք ուրիշ բան եք ուզում, ես ուզում եմ գնալ թոշակի, ուղարկեք ինձ թոշակի, ինձանից ակտիվ գործողություններ մի պահանջեք»:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարում հնչած հայտարարություններին` Սամվել Նիկոյանը ասաց. - «Ինձ համար արդեն հստակ է, որ «Ժառանգություն»-ն ավելի անկախ քաղաքականություն է իրականացնում»:

Ի պատասխանել հարցին, թե ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացում խնդիրներ առաջանալու դեպքում Հայաստանը կճանաչի՞ Լեռնային Ղարաբաղի անկախությունը` Նիկոյանը, մասնավորապես, ասաց. - «Եթե սպառվեն Մինսկի խմբի հնարավորությունները, դա կարելի է համարել քայլերից մեկը եւ չպետք է բացառել… Դա կախված կլինի Ադրբեջանի հետագա քայլերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG