Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը վերսկսելու է հանրահավաքային արշավը


Ընդդիմության հանրահավաքներից մեկը Երեւանում: սեպտեմբեր, 2009 թ.:
Ընդդիմության հանրահավաքներից մեկը Երեւանում: սեպտեմբեր, 2009 թ.:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստում, ինչպես ուրբաթ օրը հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, որոշում է կայացվել վերսկսել հանրահավաքային արշավը:

«Ակնհայտ է մեզ համար, որ դա ժողովրդի պահանջն է: Կոնգրեսից սպասելիքները այս առումով աճում են, մեր ասելիքն էլ է բյուրեղանում: Այնպես որ դրա անհրաժեշտությունը մենք զգում ենք», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զուրաբյանը` հավելելով, որ հուլիսի 28-ին կայանալիք քաղխորհրդի նիստում, որը վարելու է ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կհստակեցվեն հանրահավաքների վերսկսման ժամկետները:

Այս տարի ՀԱԿ-ը անցկացրել է ընդամենը երկու մեծ հանրահավաք` մարտի 1-ին եւ ապրիլի 6-ին: Մարտի 1-ի հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե հանրահավաքների հաճախակի անցկացումը «թուլացնում է դրանց ազդեցությունը»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելիս` Կոնգրեսը հայտարարել էր, թե գնում է այդ քայլին` չխանգարելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացներին: Հարցին, թե ինչ է փոխվել, ինչու են հենց հիմա որոշել վերսկսել հանրահավաքները, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ոչինչ չի փոխվել: Ուղղակի մենք բազմիցս ասել ենք, որ հանրահավաքը դա պայքարի միջոց է, որ կիրառվում է այն ժամանակ, երբ ամենաարդյունավետ միջոցն է: Մենք քննարկել ենք եւ եկել ենք եզրակացության, որ ժամանակն է վերսկսել հանրահավաքները»:

Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում Կոնգրեսի շեշտադրումները չեն փոխվել, եւ արտահերթ ընտրությունների պահանջը մնում է իրենց օրակարգում:

Լեւոն Զուրաբյանը կտրականապես հերքեց, թե Կոնգրեսի կամ դրա կազմի մեջ մտնող ՀՀՇ-ի ներսում պառակտում կա. - «Բացարձակ որեւէ պառակտում չկա: Անգամ եթե խոսքը ՀՀՇ-ի մասին է, այնտեղ մենք ոչ մի հակասություն, պառակտում կամ տարաձայնություն չենք տեսնում: Մինչեւ հիմա եղել է միայն մեկ մարդու բողոք այն կապակցությամբ, որ նա չի ընտրվել վարչության կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG