Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում ընդդիմադիր ուժերին միասին «ճշգրտել օրակարգը»


«Ժառանգության» հիմնադիր եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» հիմնադիր եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը կլոր սեղանի շուրջ հրավիրեց ընդդիմադիր բոլոր ուժերին` քննարկելու «Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգին վերաբերող խնդիրներն ու իրենց պատկերացումները»:

««Ժառանգություն»-ը հետայսու կոչ է անում կլոր սեղանի թե' հասարակության, թե' ընդդիմադիր ուժերի հետ` ճշգրտելու այդ օրակարգերը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հովհաննիսյանը` հավելելով, սակայն. - ««Ժառանգություն»-ը չի մտնելու որեւէ դաշինքի մեջ առանց նախապես ամեն ինչ ճշգրտելու. թե' մասնակցության մեթոդիկան, թե' արտաքին ու ներքին խնդիրների օրակարգը»:

Նրա համոզմամբ, հաջորդ նախագահական ընտրություններին ընդդիմությունը պետք է գնա միասնական թեկնածուով. - «Մենք պետք է եղանակը գտնենք, որ այս անգամ հասարակությունը ունենա ընդդիմադիր իր թեկնածուն, որ միայն մի մարդ կամ մի կին չէ, այլ` մի ամբողջ ծրագիր, որը հիմնված է համատեղ պատասխանատվության վրա»:

«Ժառանգություն»-ը առաջիկա ամիսներին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալելու քաղաքներում եւ գյուղերում, որպեսզի «ոչ միայն կուսակցությունը խմբակցության եւ վարչության իրարից ամբողջովին տարբեր կազմերով վերաներկայանա հասարակությանը, այլեւ վերականգնվեն քաղաքական եւ քաղաքացիական հատվածների միջեւ կամուրջները»:

«Մեր առաջին խնդիրը հիմա` հասարակության եւ ընդդիմության հատվածում գտնել այդ քաղաքական, քաղաքացիական համագործակցության նոր մանրակերտը», - ձեւակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի պատասխան «Ժառանգության» արտահերթ համագումարից հետո հնչած քննադատությանը, թե կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել իշխանության հետ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դասական իմաստով «Ժառանգություն»-ը բացառում է իշխանության հետ ցանկացած համագործակցություն քաղաքական եւ նախընտրական առումով:

Այդուհանդերձ, շեշտելով, որ «ընդդիմությունը պետական համակարգի մասնիկ է», ավելացրեց. - «Կան համապետական, համազգային խնդիրներ, ընտրությունից ընտրություն, թեկուզ կեղծված ընտրությունից ընտրություն, որը ենթադրում է քաղաքական եւ հասարակական երկխոսություն»:

Առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու եւ առհասարակ թեկնածությունների մասին խոսելը Րաֆֆի Հովհաննիսյանը վաղաժամ է համարում: Ինչպես նախորդ, այնպես էլ առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգության» համար նախընտրելի է միասնական հաղթող թեկնածուին սատարելը:

«Նախընտրությունը ընդգծված` համատեղ միասնական թեկնածու է, որտեղ կա կոլեգիալ պատասխանատվություն, բայց, ելնելով Հայաստանի պայմաններից, մենք պետք է նաեւ պատրաստվենք դա չկայանալու դեպքում նաեւ գնալ «Ժառանգության» ուղիով», - եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG