Մատչելիության հղումներ

Բրայզան խոստանում է հարգել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա

Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մեթյու Բրայզան Սենատի Արտաքին հարցերի հանձնաժողովում երեկ հայտարարել է, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման համար։

Խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման հիմքում, նրա խոսքերով, պետք է դրվեն երեք հայտնի սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում։

«Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում` ամեն կերպ կաջակցեմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում ինձ փոխարինած Ռոբերտ Բրադկեին ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում», - ասաց դիվանագետը՝ հավաստիացնելով, որ չունի ադրբեջանամետ դիրքորոշում։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Ջանի Շահինը եւ Բարբարա Բոքսերը փորձեցին Բրայզայից ստանալ այն մտահոգիչ հարցերի պատասխանները, որոնք կասկածի տակ են դնում անկողմնակալ դիրքորոշում ունենալու` Մեթյու Բրայզայի հավաստիացումները։

Մենենդեսը մտահոգություն հայտնեց 2008-ի հոկտեմբերին BBC-ի հետ զրույցում Բրայզայի մեկնաբանության կապակցությամբ, թե՝ «Հայաստանը պետք է համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը իրավական առումով Ադրբեջանի տարածքն է»։

«Այս հայտարարությունները հիմք դարձան կարծիքների, թե դիվանագետը տարածքային ամբողջականությունը վեր է դասում մյուս սկզբունքներից, մասնավորապես՝ ազատ ինքնորոշման սկզբունքից», - նկատեց սենատոր Մենենդեսը։

Ի պատասխան` Բրայզան հայտարարեց, որ իր խոսքերը «սխալ են թարգմանվել», եւ ինքը պարտավորվում է դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում հարգել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Սենատորները մեջբերեցին Washington Times օրաթերթի հրապարակումը, որում պնդումներ կան, թե Մեթյու Բրայզան շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի քաղաքական շրջանակների հետ, իսկ նրա ազգությամբ թուրք կինն աշխատում է Հադզոնի ինստիտուտում, որը ֆինանսավորվում է ExxonMobile-ի եւ այլ էներգետիկ ընկերությունների կողմից, ինչը կարող է խանգարել Բրայզայի անկողմնակալությանը: Բայց Մեթյու Բրայզան հավաստիացրեց, որ դեսպան նշանակվելու դեպքում ինքը պահպանելու է էթիկայի կանոնները, շահերի բախում չի լինի, եւ անձնական կյանքը չի անդրադառնա իր մասնագիտական գործունեության վրա:

Հիշեցնելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը բարձրաձայնելուց հետո, Մենենդեսը փորձեց ճշտել, թե այդ ժամանակ փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնը զբաղեցնող Բրայզան որեւէ ազդեցություն ունեցե՞լ է դեսպանի պաշտոնանկության գործում։

«Բացարձակապես որեւէ դեր չեմ խաղացել, որքան էլ դժվար է դրան հավատալ», - պատասխանեց Մեթյու Բրայզան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG