Մատչելիության հղումներ

Օպերայի եւ բալետի թատրոնը պատրաստում է երկու պրեմիերա


Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկու նոր բեմադրություն է պատրաստում:

Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ թատերաշրջանը հուլիսի վերջին փակվում է, սակայն ստեղծագործական աշխատանքը թատրոնում չի դադարում: Հուլիսի սկզբից արդեն սկսվել են աշխատանքները Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի նոր բեմադրության վրա, իսկ օգոստոս 10-ից կսկսվեն Ջուզեպե Վերդիի «Աիդա»-ի բեմադրության ստեղծագործական աշխատանքները:

«Աիդա»-ն կբեմադրի իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին: Աիդայի դերերգը կատարելու է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Իսկ Հարությունյանի «Սայաթ-Նովա»-ն բեմադրում է Վրաստանից հրավիրված ռեժիսոր Գայոս Ջորդանիան: Վերջին անգամ այս օպերան Երեւանում բեմադրվել է 30 տարի առաջ:

«Փաստորեն ստեղծագործական կոլեկտիվի համար թատերաշրջանը չի փակվում, եւ մենք գնում ենք երկու պրեմիերաների», - ասաց Հովհաննիսյանը:

Կամո Հովհաննիսյանը ասաց նաեւ, որ հաջորդ տարվանից թատրոնի երգիչները հնարավորություն կունենան պետական աջակցությամբ վերապատրաստման մեկնել Իտալիա:

«Մենք այդ հնարավորությունը չունեինք մինչեւ հիմա, բայց անցյալ տարվանից ստեղծվեց այդ հնարավորությունը, եւ ես կարծում եմ, որ դա կիրագործվի: Իտալիայի կառավարության առաջարկով մեր Մշակույթի նախարարությունը եւ Իտալիայի մշակույթի նախարարությունը [համապատասխան] պայմանագիր են կնքել», - նշեց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG