Մատչելիության հղումներ

Վրաստանը ձեռնամուխ է եղել նոր սահմանադրության ընդունմանը


Վրաստան – Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հանդիպումը, Թբիլիսի, 19-ը հուլիսի, 2010թ.
Վրաստան – Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հանդիպումը, Թբիլիսի, 19-ը հուլիսի, 2010թ.

Վրաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծն առաջարկում է կրճատել նախագահի լիազորությունները եւ ավելացնել վարչապետինը։ Ընդդիմադիրները, սակայն, իշխանությունների այդ նախաձեռնության ետեւում այլ նպատակներ են տեսնում։

Երեկ երեկոյան Սահակաշվիլին հաստատել է երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, եւ այն ներկայացրել խորհրդարանի քննարկմանը։

Ընդդիմադիրները պնդում են, թե Սահակաշվիլին նպատակ ունի ստանձնել վարչապետի պաշտոնը...
Բարեփոխումների այդ փաթեթով նախագահը շարունակում է մնալ երկրի ղեկավարը, պետության միասնականության ու անկախության երաշխավորը, գերագույն ներկայացուցիչը՝ արտաքին հարաբերություններում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Սակայն, բարեփոխված Սահմանադրության տարբերակում նախագահը զրկվում է երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը որոշելու լիազորությունից, այդ պարտականությունը փոխանցվում է կառավարությանը։ Նոր փաստաթղթի ընդունման դեպքում նախագահը նաեւ զրկվում է կառավարությունը լուծարելու, այլ երկրներում դեսպանների թեկնածություններ առաջարկելու կամ դեսպաններին պաշտոնանկ անելու լիազորություններից։ Այդ լիազորությունները եւս անցնում են կառավարությանը։

Սահմանադրական այս փոփոխությունները մտահոգությունների տեղիք են տվել Վրաստանում. ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, թե նախագահ Սահակաշվիլին միտումնավոր է դրանք նախաձեռնել՝ նպատակ ունենալով պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը։

«Իշխանությունները արագընթաց տեմպերով փորձում են նոր սահմանադրությունը վերաձեւել իրենց պահանջներին», - նախօրեին հայտարարել են ընդդիմադիր 10 կուսակցություններ, եւ կոչ արել հարցը թողնել 2012-ին ձեւավորվելիք նոր խորհրդարանի հայեցողությանը՝ ընդգծելով. - «Մայր օրենքում այդչափ էական փոփոխությունները պետք է կատարի նոր, առավել արդար ընտրական միջավայրում ձեւավորված խորհրդարանը, որը վայելում է ընտրողների վստահությունը»։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին
Սահակաշվիլին, սակայն, երեկ երեկոյան մերժել է տասը կուսակցությունների կոչը՝ պնդելով, թե ընտրողների վստահությունը վայելում են նաեւ ներկայիս խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը։

«Նոր Սահմանադրության փաթեթը մշակվել է ոչ թե ինչ–որ կոնկրետ մարդկանց պահանջները բավարարելու, այլ արդեն սկսված բարեփոխումները շարունակելու եւ ավարտին հասցնելու համար», - հայտարարել է Սահակաշվիլին. - «Ես ինքս ամենեւին չեմ միջամտել այդ բարեփոխումների մշակմանը, սակայն դեռ 2004 թվականին եմ խոստացել, որ Վրաստանը Սահմանադրության եվրոպական մոդել է որդեգրելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG