Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Վրաստանը խորացնում են հարաբերությունները տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին իր վրացի գործընկեր Միխեիլ Սահակաշվիլին ընդունեց Բաթումիում։ Սա Ալիեւի առաջին այցն էր Վրաստան 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո։

Չնայած այցը կարճատեւ էր, Ադրբեջանի նախագահն ու նրա կինը ընդամենը մի քանի ժամ անցկացրեցին Վրաստանում, բայց մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում:

Վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Միխեիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը, որը Վրաստանի տարածքով կապում է Ադրբեջանն ու Թուրքիան: Մինչեւ 2012 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել երկաթուղու ադրբեջանական հատվածի, իսկ 2012-ի վերջին` վրացական հատվածի շինարարությունը:

Երկու երկրների նախագահները նաեւ պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Չինաստանից դեպի Թուրքիա եւ Եվրոպա հարավկովկասյան միջանցքով համատեղ փոխադրումների հարցերով։

Էներգետիկայի ոլորտում ադրբեջանական ընկերությունների օգնությամբ նախատեսվում է առաջիկա տարիներին Վրաստանի գազաֆիկացումը հասցնել 75 տոկոսի՝ այժմյան 46-ի փոխարեն:

Երեկ Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ադրբեջանական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վրաստանի նկատմամբ եւ հետեւողականորեն ներդրումներ են կատարում։

«Այդ ներդրումների ծավալները օր օրի աճում են։ Առաջին ներդրումները էներգետիկայի բնագավառում էին, բայց հուսով եմ, որ առաջիկայում դրանք կտարածվեն նաեւ այլ բնագավառներում», - նշել է Ալիեւը։

Ընդհանուր առմամբ, նախագահները գոհունակությամբ են խոսել երկկողմ հարաբերությունների մասին:

Միխեիլ Սաակաշվիլին այդ հարաբերությունները բնորոշել է «ոչ միայն գործընկերային, այլեւ` դաշնային»:

«Ադրբեջանը կարեւոր կենտրոն է դառնում տարածաշրջանում, դառնում է մի ուժ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG