Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը ողջունում է միջնորդների հայտարարությունը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանը դրականորեն է արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հնգակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների տարածած հայտարարությանը։

«Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով», - երկուշաբթի օրը արտգործնախարարության տարածած գրավոր մեկնաբանությունում ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը շաբաթ օրը Ալմաթիում հանդես եկան համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությամբ, հայտարարությունում կարեւոր է այն հանգամանքը, որ հղում է կատարվում երեք սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, ինչպես նաեւ հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հարյատարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Նալբանդյան. Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին ...
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները իրենց հայտարարությունում վկայակոչել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի արտգործնախարարների աթենքյան հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը` հիշեցնելով կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համաձայնության գալու վերաբերյալ իրենց հանձնառությունները, մասնավորապես՝ զերծ մնալ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից, [հավատարիմ մնալ] պետությունների տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։

«Կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին», - իր մեկնաբանությունում ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով. - «Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնանում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ»։

Հայաստանի արտգործնախարարը կարեւորել է նաեւ եռանախագահող երկրների հայտարարության այն կետը, որով շեշտվում է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարելու անհրաժեշտությունը։

«Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից», - նշել է Նալբանդյանը։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները իրենց հայտարարության մեջ ափսոսանք են հայտնել 2010 թվականի հունիսի 18-19-ի լուրջ զինված բախման եւ հրահրիչ հայտարարությունների առնչությամբ։

«Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը», - իր գրավոր մեկնաբանությունում եզրակացրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայանպաստ» հայտարարություն


«Այստեղ հայերի համար դրական դերակատարում ունեցավ Իլհամ Ալիեւը», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Ալմաթիում ընդունված հայտարարությունը բնութագրելով որպես հայանպաստ` հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ես իրոք շնորհակալ եմ Իլհամ Ալիեւին: Ինքը չափը անցավ: Եթե ինքը ռազմատենչ մեկ հայտարարություն աներ, այս [Ալմաթիի] հայտարարությունը այսպիսին չէր լինի. մի քիչ այն կտարբերվեր: Բայց ինքը չափը անցավ: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում երեք թե չորս ելույթների ժամանակ բավական կոշտ հայտարարություններ արեց: Հենց դրա պատճառով էլ համանախագահող երկրների արտգործնախարարները ստիպված էին այս կետերը մտցնել` որ միայն խաղաղ ճանապարհով կարող է լուծվել, որ զինադադարի ռեժիմը պետք է ամրագրել»:

«Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության հիմնական մեսիջը Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելն էր եւ գործընթացը ճիշտ ուղի վերադարձելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Երբ պետությունը հզորանում է, իրեն թվում է, թե ինքը արդեն կարող է բոլորի հետ խոսել այլ բառեր օգտագործելով: Ինձ թվում է, նաեւ հենց այդ գաղափարն է, որ բոլոր երկրները ուզում էին ցույց տալ Ադրբեջանին, որ ինչքան էլ դու միգուցե հզոր ես տարածաշրջանում քո նավթային դոլարներով, դա չի նշանակում, որ մեր հետ պետք է այդպես խոսես», - հավելեց նա:

«Առաջիկայում ղարաբաղյան ուղղությամբ հատուկ զարգացումներ ես չեմ տեսնում: Փոխարենը մեզ լուրջ զարգացումներ են սպասվում Մերձավոր Արեւելքում` Թուրքիայի, Իրանի, Իսրայելի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով հարցի վերաբերյալ իր կանխատեսումները փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Ղարաբաղի գործընթացը պայմանավորված կլինի մերձավորարեւելյան գործընթացի զարգացումներով: Եվ այս առումով ցանկացած շարունակություն հնարավոր է: Հատկապես` Հայաստանի դիվանագիտական, քաղաքական պասսիվության պայմաններում», - եզրափակեց Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG