Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ցավոք, բանակցություններում առաջընթաց չգրանցվեց»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ալմաթիում` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը կրկին մեղադրել է պաշտոնական Երեւանին` բանակցությունները ձգձգելու եւ հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու մեջ:

«Ինձ մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվել, ասես Հայաստանը չի ուզում առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում», - ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, հանդիպումից հետո հայտարարել է Մամեդյարովը եւ մանրամասնել. - «Հայկական կողմը առաջ է քաշում այնպիսի հարցեր, ինչպիսին է օրինակ Ղարաբաղի կարգավիճակը, թեեւ այս փուլում անհնար է աշխատել այդ հարցի լուծման վրա»:

«Նախ եւ առաջ անհրաժեշտ է կարգավորել ամենադժվար հարցը` գրավյալ տարածքների ազատագրումը, ինչը հնարավորություն կտա երկու ժողովուրդների միջեւ ինչ֊որ կապեր ու շփումներ հաստատել», - հայտարարել է Մամեդյարովը` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները եւս առաջարկում են հակամարտությունը կարգավորել փուլային տարբերակով:

Մամեդյարովը եւս մեկ անգամ նշել է` հինգ շրջանները ետ ստանալու դեպքում Ադրբեջանը պատրաստ է բացել հաղորդակցության բոլոր միջոցները. «Այս անգամ չհաջողվեց այս հարցի շուրջ համաձայնության գալ, սակայն, պետք է համբերատար լինել եւ շարունակել աշխատանքը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Վերջինիս խոսքով, Ալմաթիում տեղի ունեցած բանակցություններում քննարկվել է նաեւ Հայաստանի,Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների կողմից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը. «Ու թեեւ միջնորդները մեծ ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ, ցավոք, Հայաստանի արտգործնախարարությունը անհամաձայնություն հայտնեց որոշ հարցերի շուրջ եւ հնարավորություն չտվեց հինգ երկրների կողմից համատեղ հայտարարություն ընդունել», - հայտարարել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործախարարը նաեւ նշել է, որ համանախագահները մտադիր են մինչեւ սեպտեմբեր եւս մեկ անգամ այցելել տարածաշրջան. հստակ ժամկետները, սակայն, դեռեւս հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG