Մատչելիության հղումներ

Հուլիսի 16-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասում է. - ««Կառավարության նիստում հնչեցրած պատերազմական սպառնալիքներով Ադրբեջանի նախագահը նպատակ ունի ճնշում գործադրել հայկական կողմի ու միջնորդ երկրների վրա։ Միաժամանակ Ալիեւի այս ելույթը նախորդներից էականորեն տարբերվում է։ Բավական ծավալուն ելույթով Ադրբեջանի նախագահը վերլուծել է իր ղեկավարած երկրի տնտեսության վիճակը եւ բացառապես փայլուն արդյունքներ է ներկայացրել։ Ադրբեջանում իշխում է մտայնությունը, որ ողջ երկրի ճակատագիրը կախված է նավթի խողովակից եւ եթե այն փակվի, ապա պետության ու ժողովրդի ճակատագիրը վտանգված կլինի։ Այս իրավիճակում Ալիեւը պատրանք ունի` ժողովրդին համոզելու, թե առանց նավթի էլ կարող են ապրել» Հարցին, թե ինչ օրակարգով կարող է ընթանալ Ալմաթիում տեղի ունենալիք ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովը, Նիկոյանը պատասխանում է. - «Առաջին անգամ է, որ իր ելույթով Իլհամ Ալիեւը ուղղակիորեն իր անհամաձայնությունն է հայտնում ԵԱՀԿ եռանախագահների եւ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններին։ Այս փաստաթղթերում հաստատագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը` իրավական անվերապահ ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով։ Այս հաստատումը, ինչպես տեսնում ենք, կատաղության է հասցրել Իլհամ Ալիեւին եւ կառավարության նիստում ունեցած ելույթում նկատելի են հիստերիայի որոշակի նոպաներ։ Այս ելույթով Ալիեւը ուղերձ է հղում ավելի շուտ միջազգային հանրությանը, համանախագահող երկրներին ու եռանախագահներին, քան հայկական կողմին»։

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը, որում նա տեղեկություններ էր հաղորդել բանակցային գործընթացի ավելի վաղ շրջանում կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` «Հայք»-ի մեկնաբանը նկատում է. - «Ադրբեջանի արտգործնախարարի ներկայացրած սցենարի համաձայն, տարածքների վերադարձը շուտով պատմություն կդառնա, եւ արդեն պետք է խոսել հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման մասին: Դրա լուծումը եւս Մամեդյարովն արդեն ունի եւ տեղեկացրել է, որ դեռեւս ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովին որոշում է ընդունվել, որի համաձայն, խաղաղարար ուժերը չպետք է պատկանեն Մինսկի խմբի համանախագահող երկրներին կամ տարածաշրջանի պետություններին: Ահա եւ վերջ, Ադրբեջանն ի դեմս Մամեդյարովի լուծեց ղարաբաղյան հակամարտությունը «ե'ւ գայլերն են կուշտ, ե'ւ ոչխարներն` անվնաս» սկզբունքով: Սակայն, բնական է, որ եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ եւ միայն Ադրբեջանի համաձայնությունից կախված լիներ, ապա ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կլուծվեր: Բայց հարցական է այն հանգամանքը, թե ինչու Մինսկի խմբի համանախագահները չեն հերքում Մամեդյարովի այդ հայտարարությունները: Չէ՞ որ նա բառացիորեն շեշտում է, որ համանախագահներն են Ադրբեջանին հնգամյա ժամկետն առաջարկել, իրենք էլ համաձայնել են»: Մեկնաբանն ամփոփում է. - «Թերեւս միջազգային հանրության Ադրբեջանի նկատմամբ նման բարի վերաբերմունքն է պատճառը, որ նրանք հայտարարում եւ խոսում են ում անունից ցանկանան եւ ինչ ցանկանան»:

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նորընտիր քարտուղար, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը «Իրատես de facto» թերթին տված հարցազրույցում պատասխանելով ընդդիմադիր դաշտի միավորման հնարավորության մասին հարցին` նշում է. - «Կարծում եմ` պետք է միավորվել: Իհարկե, կա գաղափարական տարբերություն ՀԱԿ-ի հետ զուտ ազգային հարցերում, ինչը ՀՅԴ-ի պարագայում չկա: ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը ավելի ազգայնական կուսակցություններ են, ինչը չենք ասի կոնգրեսի պարագայում: Սակայն սա չպետք է խանգարի հիմնական նպատակների իրագործմանը: Միավորումը կախված է նաեւ ընդդիմության ղեկավարներից: Կարեւոր է փոխադարձ վերաբերմունքը, որ ընդդիմադիր հատվածի ղեկավարներից որեւէ մեկը չմտածի, թե ինքն առավել բարձր է մյուսից, ու բոլորը պետք է իր թրի տակով անցնեն: Պիտի լինի կլոր սեղանի սկզբունքը, անկախ նրանից, ով ինչքան է ուժեղ: Երբ գա առաջադրվելու պահը, հասարակությունն ինքը կընտրի ընդդիմության միասնական թեկնածուին»:

«Հրապարակ» թերթը գրում է. - «Սերժ Սարգսյանը թեեւ ներկա չի գտնվել, սակայն արժեքավոր ժամացույց է նվեր ուղարկել Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին ծննդյան 54-ամյակի առթիվ: Իսկ Էջմիածնի ռեստորաններից մեկում կազմակերպված ծննդյան ճոխ արարողությանը Սերժ Սարգսյանը չի մասնակցել, քանի որ այդ օրը Հայաստանում էր Լեհաստանի արտգործնախարարը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես չի մասնակցել գեներալ Մանվելի մեծարման երեկոյին: Փոխարենը` 2008-ի մարտյան դեպքերից հետո ի վերջո կողմնորոշված ու սեփական շահը իշխանական դաշտում գտած գեներալի ծննդյան արարողությանը մասնակցել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG