Մատչելիության հղումներ

Սկսվեց երիտասարդ ընդդիմադիրների դատավարությունը


ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը (ձ) եւ Սարգիս Գեւորգյանը դատարանի դահլիճում: 14-ը հուլիսի, 2010 թ.
ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը (ձ) եւ Սարգիս Գեւորգյանը դատարանի դահլիճում: 14-ը հուլիսի, 2010 թ.

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը կայացավ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարության առաջին նիստը։

Մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու փորձ կատարելիս ձերբակալված Սարգիս Գեւորգյանի նկատմամբ, հիշեցնենք, իբրեւ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը։ Իսկ Դավիթ Քիրամիջյանը մեկ ամիս անցկացրեց Նուբարաշենի մեկուսարանում: Նա կալանքից ազատ արձակվեց 12 օր առաջ եւ նույնպես ստորագրությամբ պարտավորվեց չհեռանալ բնակավայրից։

Այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպան Մելանյա Առուստամյանը բացարկ հայտնեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին` փաստարկելով, թե վերջինս «ապօրինի որոշում է կայացրել քրեական գործը վարույթ ընդունելու եւ դատաքննություն նշանակելու մասին» եւ «շահագրգռված է գործի ելքով ու կողմնակալ է»:

Մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց` փաստարկելով, թե հիմք չկա դատավորի ինքնաբացարկի համար:

Միջնորդությունը, ի վերջո, մերժվեց:

Պաշտպանական կողմը պնդում է, որ ներկայացված մեղադրանքը շինծու է: Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը նախաքննության փուլում հրաժարվել են ցուցմունքներ տալուց։

Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում է «մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպված խուլիգանության» մեջ, թեեւ նա դատարանում քննվող գործով միակ անձն է, որին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու համար:

«Այդ խումբն ընդհանրապես չի երեւում, խումբ գոյություն չունի», - ասաց Առուստամյանը` հավելելով. - «Բացի այդ, երբ դիտում ենք միակ տեսանյութը, որ այսօր կա, Դավիթ Քիրամիջյանը կանգնած է առանձին, ուղղակի վկաներից մեկը` Լուսինե Թադեւոսյանը, հետ-հետ է գնում, եւ պետք է ընկնի Դավիթի վրա: Դավիթը պարզապես ձեռքերով պահում է»:

Սարգիս Գեւորգյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Գործով տուժող են ճանաչվել Վարազդատ Թադեւոսյանը եւ Արկադի Բաղդասարյանը:

Վարազդատ Թադեւոսյանի հետ Քիրամիջյանը, ըստ մեղադրականի, «տեւական ժամանակով վիճաբանել է», ապա «մի խումբ անձանց հետ հայհոյանքներ է տվել ու բռնություն գործադրել» նրա նկատմամբ` «ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին»:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ջոկի հրամանատար Արկադի Բաղդասարյանի նկատմամբ, ըստ մեղադրականի, Սարգիս Գեւորգյանը «կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է կատարել… այն է` քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը» այն ժամանակ, երբ Բաղդասարյանը բերման էր ենթարկում Դավիթ Քիրամիջյանին:

Փաստաբան Մելանյա Առուստամյանը «արարքի իրավաբանական որակման», ապացույցների մասին ասաց. - «Այնտեղ հանցակազմ չկա: Բնականաբար, բոլոր ապացույցները արհեստածին են: Ասեմ, որ մենք կներկայացնենք մեր ապացույցները, որոնք կապացուցեն հակառակը, կներկայացնենք մեր տեսանյութերը, որոնք լրիվ այլ կողմից են լուսաբանում»:

«Մեղադրանքը հիմնավորող ապացույցներ սույն գործով առկա չեն: Մեր պայքարը ուղղված է արդարացման դատավճռի կայացմանը», - եզրափակեց Առուստամյանը:

Հարկ է նշել, որ դատակոչված 6 վկաներից 2-ը ոստիկան են:

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 26-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG