Մատչելիության հղումներ

Ռալֆ Յիրիկյանը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդներին խոստումներ է տալիս


Ռալֆ Յիրիկյան
Ռալֆ Յիրիկյան
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատելի դարձած դժգոհություններին` ուղղված Ղարաբաղում միակ կապի օպերատորին, կոչ արեց մոռանալ անցյալը եւ սպասել ընկերության կողմից իրականացվելիք բարեփոխումներին:

«Անցյալը մի կողմ դնենք, մենք այսօրվա մասին ենք խոսում: Մենք չհավատացինք, որ սառույցը հալվեց եւ արդեն անիվը սկսեց շարժվել դեպի առաջ, որ կարողանանք իրականացնել այս մեծ ծրագրերը», - հայտարարեց Յիրիկյանը երկուշաբթի օրը Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղում գործում է 2002 թվականից եւ պատկանում է ազգությամբ արաբ, լիբանանաբնակ Պիեր Ֆաթուշին: Վերջինս էլ, 2002 թվականին կնքելով Ղարաբաղի իշխանությունների հետ գաղտնի պայմանագիր, սկսեց իր գործունեությունը կապի ոլորտում: Պայմանագիրը երբեք չի հրապարակվել, ինչն էլ հաճախ է քննադատության արժանանում ղարաբաղցիների կողմից:

Թե' Ռալֆ Յիրիկյանը եւ թե' Արա Հարությունյանը հայտարարեցին, որ պատասխանատու չեն այդ պայմանագրի համար:

«Կնքվել է պայմանագիր, չենք ուզում այդ պայմանագրին անդրադառնալ, մենաշնորհային պայմանագիր է այն հիմնականում: Իհարկե, կարող է այն ժամանակ պետք էր, որ գաղտնի կնքվեր, որովհետեւ կար քաղաքական խնդիրներ, կարող էր, ես տեղյակ չեմ, ես չեմ մասնակցել», - ասաց Ղարաբաղի վարչապետը:

«Պայմանագիրը ես չեմ բանակցել, պայմանագիրը ես չեմ ստորագրել, եւ հետեւաբար` ով ուզի, ինչ ուզի ասել, որ պատասխանատվությունը իմ ուսերի վրա դնել այդ պայմանագրի, դա չի լինելու: Ընդամենը այն ժամանակ ես աշխատավարձով պաշտոնյա էի, պաշտոնակատար գլխավոր տնօրենի: Հիմա ով է մեղավոր` մնաց անդարձական»,- իր հերթին, հայտարարեց Յիրիկյանը:

Ղարաբաղցիները բողոքում են ինտերնետային կապի որակից, գներից, բջջային եւ անշարժ հեռախոսակապի դիմաց գանձվող բաժանորդավճարից: Մասնավորապես, եթե Հայաստանում հնարավոր է 1 մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետային կապ ստանալ ամսական 8 հազար դրամով (շուրջ 20 դոլար), Ղարաբաղում այն արժե 350 հազար դրամ, այն էլ` առանց որակի երաշխավորման:

Արա Հարությունյանը ասաց, որ շատ անգամ մարդիկ մեղադրելիս սխալ հասցե են ընտրում`ի նկատի ունենալով Ռալֆին Յիրիկյանին:

«Գիտեմ, որ վերջերս բազմաթիվ խնդիրներ են եղել, գիտեմ, որ բավական լայն քննարկվել է հանրության մեջ, քննարկումներ եղել են նաեւ կառավարությունում: Ինտերնետի առումով` իհարկե, կա Արցախում ինտերնետ, բայց այն չի բավարարում այսօրվա պահանջներին, հնարավոր չէ զարգացնել բարձր տեխնոլոգիաները, դրանով իրականացնել զարգացած մենեջմենթ», - հայտարարեց վարչապետը:

Յիրիկյանն էլ ընդգծեց, որ ինքը թալանչի չէ եւ ոչ էլ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժնետեր է. - «Ռալֆ Յիրիկյանը կյանքում թալանչի չի լինելու: Հատկապես իր ժողովրդի, իր ազգի հանդեպ: Ես ընդամենը պաշտոնյա եմ: Աշխատում եմ 2005 թվականից անհատույց. ինձ լա'վ լսեցեք, այսինքն` ես աշխատավարձ չեմ ստանում: Դա անում եմ, որովհետեւ ես հաճույք եմ ստանում գալ Արցախ, շփվել ժողովրդի հետ եւ ծառայել ժողովրդի համար: Բայց երբեմն բաժնետերերի կամ բաժնետերի ցանկությունը չի համընկնում իմ ցանկության հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Յիրիկյանը վստահեցրեց, որ Ղարաբաղի կառավարության հետ արդեն իսկ ձեռք են բերվել նոր համաձայնություններ կապի բնագավառում բարեփոխումներ անելու ուղղությամբ: Նրա հավաստմամբ` առաջիկա 4 ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն. մինչեւ տարեվերջ լուծվելու է ինտերնետային կապի որակի եւ սակագնի հարցը, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը քաղաքային ցանցով ունի շուրջ 24 հազար բաժանորդ, բջջային հեռախոսակապից օգտվողների թիվը 60 հազար է, իսկ համացանցի բաժանորդների թիվը մոտ 1000 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG