Մատչելիության հղումներ

Կինոկենտրոնը ներկայացրեց իր կայքէջը


Երեքշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ինտերնետային կայքի շնորհանդեսը:

«Ազգային կինոկետրոնը արդեն 4 տարի է գործում է, բայց մենք չունեինք մեր կայքը եւ չունեինք մեր խորհրդանիշը», - ասաց կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` հավելելով, որ առայժմ միայն հայերեն եւ ռուսերեն գործող կայքին շուտով կգումարվի նաեւ անգլերեն տարբերակը:

Կայքը պատրաստելիս Հայաստանի ազգային կինոկենտրոնը զերծ է մնացել ազգային խորհրդանիշերը գործածելուց:

«Փորձեցինք մի քիչ դուրս գալ այդ տարբերակից, որ անպայման պիտի ներկայացվի որեւէ ազգային ճարտարապետական կոթող կամ որեւէ նկար, որեւէ արձան: Փորձեցինք մի քիչ ավելի ժամանակակից դարձնել», - պարզաբանեց Գեւորգյանը:

Խոսելով կայքի բովանդակության մասին` նա ասաց, որ դրա այցելուները կարող են ծանոթանալ ոչ միայն կինոկենտրոնի գործունեությանը, այլեւ ժամանակակից հայ կինոյին վերաբերող բոլոր նյութերին. - «Ե'վ ֆիլմերի արխիվներին կծանոթանա, ե'ւ ֆոտոարխիվներին, ե'ւ այն ֆիլմերը, որոնք արտադրում են, ե'ւ բյուջեները»:

Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա կայքում ներկայացված են լինելու միայն 2005 թվականից հետո արտադրվածները, այսինքն` միայն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից նկարահանված ֆիլմերը, քանի որ մինչեւ այդ` «Հայֆիլմ»-ում նկարահանված ֆիլմերը, «Հայֆիլմ»-ի հետ վաճառվել են «Գաֆեսջյան» հիմնադրամին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG