Մատչելիության հղումներ

«Թուրքիան չի արձագանքի Քլինթոնի այցին Ծիծեռնակաբերդ»


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղադրած ծաղկեպսակը, Երեւան, 5-ը հուլիսի, 2010թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տեղադրած ծաղկեպսակը, Երեւան, 5-ը հուլիսի, 2010թ.
Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում որեւէ կերպ արձագանքել Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Այս մասին Radikal-ին հայտնել է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը` չցանկանալով բացահայտել իր ինքնությունը:

Թուրքական թերթի անանուն աղբյուրն ասել է. - «Քլինթոնի այցելությանը մեր կտրուկ արձագանքը հենց այն է, ինչ ուզում են հայերը: Նման կտրուկ հակազդեցությունը կծառայի հայկական շահերին: Սրելով Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները` մենք կնպաստենք հայ լոբբիստների գործունեությանը»:

Radikal-ը նաեւ նկատում է, որ օտարերկրյա հյուրերի համար այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր նույն նշանակությունն ու կարեւորությունն ունի, ինչ Թուրքիա այցելող պատվիրակությունների անդամների համար` այցելությունը Աթաթուրքի դամբարան կամ Իսրայել մեկնող բարձրաստիճան հյուրերի համար` այցելությունը Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարան:

«Սա պաշտոնական արարողակարգի մի մասն է: Անցած տարիներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, Բորիս Ելցինը, Հռոմի պապ Հովհաննես-Պողոս երկրորդը, մի շարք հայտնի արվեստագետներ, ինչպես, օրինակ, Էմիր Կուստուրիցան», - գրում է Radikal-ը:

Նույն թեմայի շուրջ թուրքական մեկ այլ պարբերական` Hurriyet-ը գրում է. - «Հայաստանի պաշտոնական արարողակարգի համաձայն` Երեւան ժամանող բարձրաստիճան հյուրերը նախ պետք է այցելեն Ցեղասպանության հուշահամալիր: Հիլարի Քլինթոնը, սակայն, կիրակի օրը Բաքվից ժամանելով Հայաստան` սկզբում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ապա զբոսնեց Երեւանի փողոցներում: Եվ միայն երկուշաբթի առավոտյան` Վրաստան մեկնելուց առաջ, Միացյալ Նահանգների պետքարտուղարն անսպասելիորեն այցելեց հուշահամալիր»:

«Որեւէ միջազգային լրատվական գործակալություն չօգտագործեց Հիլարի Քլինթոնի այցի լուսանկարները, որոնք հայկական աղբյուրների միջոցով հայտնվել էին Ինտերնետում», - հավելում է Hurriyet-ը:

Թուրքական աղբյուրները մեկնաբանում են նաեւ Երեւանում Հիլարի Քլինթոնի հնչեցրած այն հայտարարությունը, որ հայ - թուրքական հարաբերությունների խնդրում գնդակը Թուրքիայի դաշտում է:

«Տարածաշրջանային խնդիրների մասնակի լուծումները չեն հանգեցնի ո'չ խաղաղության ու կայունության հաստատմանը եւ ո'չ էլ երկրաժամկետ կարգավորման», - մեկնաբանելով Քլինթոնի երեւանյան հայտարարությունները` Zaman-ին ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզյուգերգինը:

«Լավագույն մտադրություններից դրդված` մենք հայ - թուրքական արձանագրություններն ուղարկեցինք խորհրդարան», - թերթին փոխանցել են Անկարայի դիվանագիտական աղբյուրները: «Հայկական կողմի գործողությունները, սակայն, գործընթացը տարան փակուղի», - նշել է Zaman-ի անանուն աղբյուրը` պարզաբանելով, թե խոսքը հունվարին Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վճռի մասին է, որը, ըստ պաշտոնական Անկարայի, «նախապայմաններ ու սահմանափակող դրույթներ էր պարունակում, ինչը հակասում է արձանագրությունների ոգուն ու բովանդակությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG