Մատչելիության հղումներ

Հայ դատի գրասենյակ. «Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ կորսված հնարավորություն էր»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը որակել է «կորսված հնարավորություն պետքարտուղարի եւ ԱՄՆ-ի համար»:

«Հաշվի առնելով այս [Ծիծեռնակաբերդ] այցելությունը շրջապատող գաղտնիությունը եւ հրապարակային հայտարարությունների բացակայությունը», գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կարծիք է հայտնում, որ այդ այցելությունը, որքան էլ կարեւոր լինի որպես այդպիսին, «չի ներկայացնում շոշափելի անցում դեպի Միացյալ Նահանգների կողմից այդ հանցագործության պատշաճ դատապարտում եւ հիշատակում»:

Երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունում Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2008 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդես էր գալիս Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Նախօրեին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիասթափություն էր հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ո'չ Բաքու եւ ո'չ էլ Երեւան կատարած այցերի ժամանակ «պատշաճ կերպով չդատապարտեց Ադրբեջանի հարձակումները»:

«Մենք հիասթափվեցինք` տեսնելով, որ պետքարտուղար Քլինթոնը Բաքվում եւ Երեւանում կրկնեց ուժի կիրառումից ձեռնպահ մնալու` Պետդեպարտամենտի սովորական կոչը, երբ միայն Բաքուն է թե' սպառնացել եւ թե' գործել պատերազմը վերսկսելու իր զգուշացմանը համապատասխան», - հայտարարել է Արամ Համբարյանը:

«Դիվանագիտական նման լեզուն կարող է անկողմնակալ թվալ, սակայն տարածաշրջանային կայունությամբ ԱՄՆ-ի շահագրգռվածության տեսանկյունից այն արդյունավետ չէ, քանի որ անտեսում եւ նույնիսկ խրախուսում է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան», - ասել է Հայ դատի գրասենյակի տնօրենը:

«Ոգեշնչված ամերիկյան Անկախության տոնով` մենք հույս ունեինք, որ պետքարտուղար Քլինթոնը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ժողովրդավարության եւ ինքնորոշման հիմնարար արժեքների վրա հիմնված երկարատեւ լուծման բաց կոչով», - նշում է Համբարյանը` ամփոփելով. - «Վերջիվերջո, եթե հիմնադիր հայրերը հետեւեին Պետդեպարտամենտի տրամաբանությանը 1776 թվականին, Միացյալ Նահանգները դեռեւս բրիտանական գաղութ կլիներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG