Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Անկախության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բարաք Օբամային


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ-ի Անկախության տոնի կապակցությամբ:

Ուղերձում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո պարոն Նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ: Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից ի վեր: Հայաստանն առանձնակի կարեւորություն է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ մեր երկու երկրների համագործակցությանը տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք մեծապես շահագրգռված ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմամբ»:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության տոնը աներկբա շաղկապված է ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի հետ: Ձեր երկիրը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վարչակազմի հետեւողական եւ կառուցողական ջանքերը` ի նպաստ հակամարտության արդարացի կարգավորման», - ընդգծել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում:

«Մեր բարեկամության համար հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրական կամուրջ հանդիսացող ամերիկահայ համայնքը», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG