Մատչելիության հղումներ

Գաղտնի բանակցություններ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ


Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները
Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Թուրքիան եւ Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարել` կարգավորելու համար վատթարացած երկկողմ հարաբերությունները։

Նախարարական մակարդակով դեմ առ դեմ հանդիպմանը Թուրքիան ներկայացրել է այն քայլերը, որ պետք է անի Իսրայելը «Ազատության նավատորմիղի» գրոհից հետո պաշտոնական Անկարայի հետ վնասած հարաբերությունները վերականգնելու համար, «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը ասել են թուրք պաշտոնյաները։

Նրանք հաստատել են, որ հինգշաբթի օրը Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Իսրայելի առեւտրի ու արդյունաբերության նախարար Բենջամին Բեն-Էլիզերը։

Թուրք պաշտոնյաները, չբացահայտելով շատ մանրամասներ, հայտնել են թուրքական կողմի ներկայացրած պահանջները. մայիսի 31-ի միջադեպի համար Իսրայելը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի, համաձայնի, որպեսզի ՄԱԿ- ի կողմից քննություն անցկացվի, վերջ տա Գազայի հատվածի շրջափակմանը, որտեղ ավելի քան մեկեւկես միլիոն պաղեստինցիներ են ապրում։

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզյուգերգինը «Ռոյթերզ»-ին ասել է, թե երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար Դավութօղլուն ներկայացրել է այն քայլերը, որ Թուրքիան ակնկալում է տեսնել Իսրայելի կողմից։ CNN հեռուստաընկերությանը նա ասել է, թե հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի պահանջով։

Այս հանդիպումը որոշ խնդիրներ է առաջացրել Իսրայելի վարչապետի եւ արտգործնախարարի միջեւ։

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը տեղեկացված չի եղել այս հանդիպման մասին եւ դրա համար խիստ քննադատել է երկրի վարչապետին։

Լիբերմանը հայտարարել է, թե դա հարված է ընդունված վարքագծի նորմերին եւ արտգործնախարարի ու վարչապետի միջեւ վստահությանը։

Սակայն CNN-ի հարցազրույցում նա ասել է թե չի հեռանա կոալիցիոն կառավարությունից, հրաժարական չի տա։

Վարչապետ Բենյամին Նաթանյահուի գրասենյակից պարզաբանել են, թե արտգործնախարարը տեղեկացված չէր տեխնիկական պատճառներով։

Մայիսի 31-ի միջադեպից հետո սա թուրք - իսրայելական առաջին հանդիպումն էր։

Մայիսի 31-ին Իսրայելը փակեց Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի ճանապարհը։ Պաղեստինամետ ակտիվիստների ու Իսրայելի զինվորականների միջեւ բախում տեղի ունեցավ, որի արդյունքում 9 թուրք սպանվեց։

Այս միջադեպից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, չեղյալ համարեց ավելի վաղ պլանավորած համատեղ զորավարժությունը, օրերս էլ փակեց իր օդային տարածքը թուրքական ռազմական օդանավերի համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու մի շարք մահմեդական երկրներ դատապարտել են Իսրայելի գործողությունները։

Իսրայելը պնդում է , որ Գազայի հատվածը շրջափակում է՝ կանխելու համար զենքի ու զինամթերքի մատակարարումը ծայրահեղական «Համաս» խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG