Մատչելիության հղումներ

Ընդդիմության ներկայացուցչի համոզմամբ, ԼՂ հարցում իրավիճակը զարգանում է ի վնաս հայկական կողմի


Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում:
Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսում:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Ադրբեջան ու Հայաստան «առաջընթաց չի ապահովի» ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը Շահնազարյանը մտահոգություն հնչեցրեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում «իրավիճակը զարգանում է ի վնաս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի»: Այդ է վկայում նաեւ ԱՄՆ-ի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը, որտեղ նրանք խոսում են «Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձի մասին»:

«Զորքերը դուրս քաշելը եւ [տարածքների] վերադարձը լրիվ տարբեր բաներ են», - պարզաբանեց ընդդիմադիր գործիչը` շարունակելով. - «Ի վնաս Ղարաբաղի է տեղի ունեցել այդ փոփոխությունը` ոչ թե հետ քաշել այլ վերադարձնել: Այս փաստաթղթով որեւէ կերպ չի երեւում այդ տարածքների ապառազմականացված լինելը, որովհետեւ «վերադարձ» է գրած: Ավելին` Հայաստանի ի՞նչ է ստանում դրանով. որեւէ բան պարզ չէ... Իսկ Հայաստանի իշխանությունները հրճված են այս ամենից: Ամբողջ այս դինամիկան մեր համար շարժվում է եւ գնում է արդեն 12 տարի վատից դեպի վատթարագույնը»:

Շահնազարյանի համոզմամբ, անիմաստ է առաջընթացի մասին խոսել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ «Հայաստանի խայտառակ արտաքին քաղաքականության արդյունքում Թուրքիան արդեն ստացել է այն, ինչ ցանկանում էր». - «Եթե Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս մղեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման ամբողջ գործընթացից, Սերժ Սարգսյանը իր ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիային բերեց կարգավորում: Իհարկե, կքննարկվի այս հարցը պետքարտուղարի այցի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ, բայց որեւէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը ասաց, որ իր համար ավելի կարեւոր է, թե Քլինթոնը ինչ հայտարարություն կանի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված եւ արդյոք «փոփոխություն կարձանագրվի քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Էդուարդ Շարմազանովը:
Հիլարի Քլինթոնի այցից հետո ղարաբաղյան հարցում «բեկումնային առաջընթաց» չի ակնկալում նաեւ իշխող ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, քանի որ «Ադրբեջանն այսօր պատրաստ չէ խնդրի լուծմանը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շարմազանովը կարծիք հայտնեց, որ եթե ամերիկյան կողմից ղարաբաղյան հարցում ճնշումներ լինեն, դրանք պետք է լինեն Ադրբեջանի վրա, քանի որ «պաշտոնական Բաքուն է գործընթացը միակողմանիորեն տանում փակուղի»: Իսկ Հայաստանի վրա, Շարմազանովի խոսքով, ճնշումներ գործադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ «Հայաստանն իրեն պահում է վստահելի գործընկերոջ նման, եւ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ իրոք խաղաղություն է ուզում տարածաշրջանում»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, մինչդեռ, Հիլարի Քլինթոնի այցը Ադրբեջան ու Հայաստանի «ինքնին ճնշում է» երկու երկրների վրա: Միացյալ Նահանգները, ըստ Մանոյանի, շահագրգռված է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, որպեսզի կարողանա կարգավորել նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ի պատասխանատու Կիրո Մանոյանը:


«Ինչը նշանակում է, որ Ղարաբաղի հարցում Միացյալ Նահանգների ճնշումը նաեւ արդյունք է ինչ-որ տեղ Թուրքիայի կողմից այն ակտիվության, որը կարողանում է Թուրքիան ցուցաբերել` որպես հետեւանք Հայաստան-Թուրքիա ստորագրված արձանագրություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Մանոյանը` կարծիք հայտնելով, սակայն, որ Հիլարի Քլինթոնին չի հաջողվի ղարաբաղյան հարցում ինչ-որ տեղաշարժի հասնել, քանի որ «Ադրբեջանում չկա հարցի կարգավորման ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու ցանկություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG