Մատչելիության հղումներ

Եվս մեկ դժբախտ պատահար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում


Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքավայրում հունիսի 28-ի առավոտյան, աշխատանքի պահին, մահացել է կոմբինատի գծային էլեկտրիկ, Մեղրիի 31-ամյա բնակիչ Ղազար Առաքելյանը:

Էլեկտրիկները հրահանգ են ստացել, որ բարձրավոլտ հոսանքալարը վթարվել է ու միջամտություն է հարկավոր: Ղազար Առաքելյանը գործընկերոջ` Գեւորգ Մկրտչյանի հետ մոտեցել է վթարի վայրին, առաջինը իջել ավտոմեքենայից, ու, ինչպես գործընկերն է պատմում, փայտացել տեղում:

Հանքավայրի պետը` Ասատուր Հակոբյանը, ում հրահանգով էլեկտրիկները գնացել էին վթարի վայր, վստահեցնում է, թե աշխատողների անվտանգության բոլոր կանոնները հանքավայրում պահպանված են:

Մինչդեռ հանքավայրի ավագ էներգետիկ Կարեն Խալաթյանի վկայությամբ` բարձրավոլտ հոսանքալարերի անվտանգության համակարգի համար նախատեսված ապահովիչ-ցուցիչը դեպքի պահին չի աշխատել. այն հոսանքալարի կտրվելու դեպքում պետք է զգուշացներ, ու հոսանքը ավտոմատ կերպով պետք է անջատվեր:

Խալաթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեպքից հետո էլ փորձարկումներ են արել. - «Դարձյալ ցույց չտվեցին, ապահովիչներն չանջատվեցին, որ պետք է անջատվեին մարդկանց կյանքի ապահովության համար։ Չաշխատեցին»։

Նա նշեց, որ նախկինում ապահովիչը երբեք չեն փորձարկել։ «Ես փորձարկող չեմ, ես շահագործող եմ», - ասաց Խալաթյանը:

Կոմբինատում շրջանառվում է Ղազար Առաքելյանի մահվան պատճառի երկու վարկած` հոսանքահարում եւ սրտի կաթված: Դատաբժշկական փորձաքննությունը վերջնական եզրակացություն դեռ չի տվել:

«Ղազարն առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել, եւ դատաբժշկի ու հերձողի առաջին եւ միակ տպավորությունը` հոսանքահարումն է», - ասում է Ղազարի եղբայրը` Հայկ Առաքելյանը: - «Կոշիկի եւ ոտքի վրա այրվածքի հետքերը ցույց են տալիս, որ Ղազարը հոսանքահարվել է։ Ես դա իմ աչքով տեսել եմ»։

Դեպքի գլխավոր իրեղեն ապացույցը` Ղազար Առաքելյանի կոշիկը, գտնվում է Մեղրիի ոստիկանության քննիչ Արմեն Սիմոնյանի մոտ, ով ուսումնասիրում է գործը: Քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց քննիչը նախնական մեկ վարկած ունի` հոսանքահարում:

Ղազար Առաքելյանի մայրը՝ Լիդա Առաքելյանը հիշում է, որ սա կոմբինատում տեղի ունեցած առաջին դեպքը չէ։

«Ես 30 տարեկան նշանված տղա եմ կորցրել ու, այո՛, պետք է պատասխանատվություն կրեն ղեկավարները` ներքեւից մինչեւ վերեւ։ Իսկ եթե փորձեն իրենք այսպես մեղմորեն հարթեն-գնան, մենք չենք լռի։ Մենք պետք է դատի տանք, մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լիդա Առաքելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG