Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնաբանում են նախագահների հայտարարությունը


Լեւոն Զուրաբյան
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ուղղված
կոչը հակառակ գնահատականների են արժանացնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Դա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ղարաբաղի հարցը եւ շարունակում է իր ճնշումները հարցի շուտափույթ կարգավորման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեզ համար ընդունելի է [Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարությունը], որովհետեւ այն երեք կետերը, որոնք բազմաթիվ անգամներ հայկական կողմը արտահայտել է, նրանք կան»:

Առաջինը, ըստ ՀՀԿ-ի խոսնակի, «այն է, որ ի հեճուկս ադրբեջանական կողմի, որը մշտապես խոսել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը բանակցություններում չի քննարկվում` նաեւ պետերբուրգյան առաջարկներից հետո նրանք դա ասացին, մենք տեսանք, որ այս հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որը պետք է ունենա
Էդուարդ Շարմազանով
պարտադիր ուժ, եւ ամենակարեւորը` խոսվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրացման մասին փաստացի»:

Երկրորդ դրականը, Շարմազանովի համոզմամբ, այն է, որ «խոսվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ընդհանուր ցամաքային կապի մասին, սահմանի մասին», եւ երրորդը` «անվտանգության երաշխիքներն են»:

Ինչ վերաբերում է հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը ավարտելու կոչին` ՀՀԿ-ի խոսնակը համամիտ չէ ընդդիմադիր գործընկերների հետ, որոնք այն ճնշում են համարում: «Իսկ վերջնական փուլի մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հստակ լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», - ընդգծեց Շարմազանովը` հավելելով. - «Այստեղ պարզապես հստակեցում պետք է մտցվի կետերի հաջորդականության վերաբերյալ, որովհետեւ հայկական կողմը բազմաթիվ անգամներ շեշտել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի` մնացած բոլոր հարցերը ածանցյալ են»:

«Ընդդիմությունը չի կարող ամբողջական պատկերացում ունենալ, որովհետեւ բանակցությունները վարողը ընդդիմությունը չէ, բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը` ի դեմս նախագահի եւ արտգործնախարարի, եւ այս առումով ես պետք է փարատեմ ընդդիմադիր մեր գործընկերների այն բոլոր մտահոգությունները, որ նրանց ճնշում են», - ամփոփեց իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG