Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է այն ընկերությունների ցանկը, որտեղ նշանակվելու են հարկային մարմինների ներկայացուցիչներ


Գեղարքունիքի մարզի Գավառ մարզկենտրոնում կայացած այսօրվա արտագնա նիստում Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկը վերաբերում է հարկային դաշտում գործող 24 ընկերություններին, որոնցում պետք է նշանակվի հարկային մարմնի ներկայացուցիչ։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի վստահեցմամբ` ընտրված ընկերությունների ցանկը ենթակա է փոփոխման։

Պետեկամուտների կոմիտեի մյուս փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանի պարզաբանմամբ, հիմնական չափորոշիչները երկուսն են. - «Առաջինը վերաբերում է նախորդ տարվա կամ հաշվետու ժամանակահատվածի համար իրացման ծավալներին, որը պետք է գերազանցեր 4 միլիարդ դրամը, եւ ցանկացած երեք ամսվա համար մուծումների ծավալը պետք է գերազանցեր 500 միլիոն դրամը»։

Պետեկամուտների կոմիտեն սկզբում առանձնացրել է համապատասխան ցանկ, որում ներառվել են շուրջ 120 կազմակերպություններ։

«Ցանկերում կան կազմակերպություններ, որոնց մոտ տվյալ պահին Պետական եկամուտների կոմիտեի կողմից նպատակահարմար չի գտնվել լիազոր ներկայացուցիչների նշանակումը։ Դրանք հանրային սպառման ոլորտներն են, մետաղական հանքարտադրության ոլորտն է։ Դրա մեջ մտնում է էներգետիկան եւ այլն», - ասաց Քոչարյանը` հավելելով, որ դրանից հետո ցանկը «սեղմվել» է. - «Եվ դրա հիման վրա կարողանանք ֆիքսել ամբողջ հարկային դաշտը»։

Ըստ պաշտոնյայի, լիազոր ներկայացուցիչը հնարավորություն է ունենալու առանց միջամտության դիտարկումներ իրականացնել, «հետեւողականություն ցուցաբերել», որպեսզի արձանագրվեն իրացման ամբողջ ծավալները։

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Աֆրիկյանը չնշեց ցանկում ընգրկված ընկերություններից եւ ոչ մեկի անունը` պատճառաբանելով, որ ձեռքի տակ չունի այդ ցանկը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք մտավախություն կա, որ խոշոր ընկերությունները գործում են ստվերում, ինչն էլ անհրաժեշտություն է առաջացրել, որ հարկային մարմնի ներկայացուցիչներ լինեն այդ ընկերություններում, Ռուբիկ Քոչարյանը արձագանքեց. - «Սրանք աշխատանքային գործիքներ են, որ մենք չէ, որ հնարում ենք։ Մենք էլ փորձ ենք անում, օգտագործելով այդ փորձը, բարելավել մեր ընդհանուր վիճակը հարկման ռեժիմի կանոնակարգման առումով։ Այս ինստիտուտը, որ հիմա ներդրվում է, տարբեր երկրներում ներդրվել է եւ բավականին լավ արդյունքներ է ապահովել»։

Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե հարկայինի ներկայացուցիչները իրենց իրավունքները, ֆունկցիաները իրականացնեն բարեխիղճ, եթե գործարարների եւ նրանց միջեւ ձեւավորվեն նորմալ, աշխատանքային հարաբերություններ, գործարարն էլ հասկանա, որ թաքցնելու ոչինչ չունի, ուղղակի ներկայացուցչի առկայության դեպքում ավելի հստակեցվում են իր եւ պետություն հարաբերությունները հարկային պարտավորության գծով, եւ ամիսներ հետո կարողանանք ամփոփելով հասկանալ` սա էֆեկտիվ է, թե ոչ, այդ դեպքում կարող ենք ասել, որ այս նախաձեռնությունը` որպես վարչարարության կատարելագործման նոր մեթոդ, էֆեկտիվ է»:։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG