Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի նախագահի պաշտոնակատարի, Բունդեսթագի նախագահի հետ


Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` կանցլեր Անգելա Մերկելի հետ երեկ կայացած հանդիպմանը հաջորդել է հանդիպումը Բունդեսրաթի նախագահ, Գերմանիայի նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - գերմանական համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ - գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման եւ բարեկամության ոգով, եւ առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը գործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:

Նախագահները կարեւորել են գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաեւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանի` Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներն ավարտվել են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ հանդիպմամբ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական գործակցությունը նաեւ բազմակողմ ձեւաչափերով, մասնավորապես` եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում:

Կողմերը հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ համագործակցությունը կծավալվի արդյունավետությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին: Բունդեսթագի նախագահը կարեւորել է այդ երկրների` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:

Հայաստանի նախագահի Գերմանիա պաշտոնական այցը երեկ երեկոյան եզրափակվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում «Անվտանգությունը եւ զարգացումը Հարավային Կովկասում. Հայաստանի դերը» խորագրով նիստին մասնակցությամբ եւ Գերմանիայի տնտեսության Արեւելյան հանձնաժողովի ղեկավարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքով:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երեւան է վերադառնում այսօր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG