Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են «ուժի կիրառումը»


ԵԱՀԿ-ի անդամ երկրների դրոշները Վիեննայի կենտրոնակայանի մուտքի մոտ:
ԵԱՀԿ-ի անդամ երկրների դրոշները Վիեննայի կենտրոնակայանի մուտքի մոտ:

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն, որում «խստիվ դատապարտում են ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ»: Միջադեպը եւ դրան հաջորդող օրերին հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտում են նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Նման միջադեպը 1994 թվականին կնքված Հրադադարի համաձայնագրի անընդունելի խախտում է եւ հակասում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի գործադրումից զերծ մնալու` կողմերի ստանձնած հանձնառությանը», - ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ընդգծելով, որ միջադեպը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, համանախագահները համոզմունք են հայտնում, որ «ռազմական ուժի կիրառումը, հատկապես այս պահին, կարող է դիտվել միայն որպես խաղաղ գործընթացը վնասելու փորձ»:

Հետեւաբար, համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար ֆասիեն եւ Իգոր Պոպովը կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ «իրենց բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին»: Միջնորդները վերստին ընդգծում են, որ «խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը այլընտրանք չկա», եւ պատերազմը չի կարող դիտվել որպես հնարավորություն:

Հունիսի 18-ի ուշ երեկոյան, հիշեցնենք, Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Հունիսի 18-ից ի վեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրեթե ամենօրյա հրադադարի խախտման դեպքերը դատապարտել են նաեւ Հայաստանի քաղաքական ուժերը:

Իշխող ՀՀԿ-ի (Հայաստանի հանրապետական կուսակցության) մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ադրբեջանական ուժերի իրականացրած ռազմական գործողությունը որակեց իբրեւ «կազմակերպված ահաբեկչություն»:

«Եթե Ադրբեջանը հույս ուներ, որ նմանատիպ սադրիչ գործողություններով կարող էր խուճապ առաջնել թե' Ղարաբաղյան պաշտպանական ուժերում, թե' Հայաստանի Հանրապետությունում, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց եւ ասեմ, որ մեր մարտական ոգին շատ բարձր է եւ հարկ եղած դեպքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը... արդբեջանցի հրոսակախմբերին կարող են շպրտել դեպի Հայկական լեռնաշխարհի բնական սահմանը հանդիսացող Կուր եւ Արաքս գետերի սահմանագիծը», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես կարծում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները անմիջական կապ ունեն բանակցային գործընթացի հետ: Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, Իլհամ Ալիեւը հասկացել է, որ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որին Ադրբեջանը ամբողջովին համաձայն էր, ձախողվել է:

«Դա այն տարբերակն էր, որ ամբողջությամբ ադրբեջանամետ լուծում էր պարունակում, եւ ծախողումը, բնականաբար, Ադրբեջանին ջղագրգիռ վիճակի մեջ է դրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Մարգարյանը:

Նրա համոզմամբ, Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական ճանապարհով հարցը լուծելուն, հունիսի 18-ի հարձակումը ընդամենը «հոգեբանական ճնշում» գործադրելու փորձ է, եւ «մենք բոլորս համախումբ պետք է կարողանանք Ադրբեջանին հասկացնել, որ ինչպես 1988-94 թվականներին կարողացանք հաղթանակով ավարտել ամեն ինչ, այս անգամ էլ նույնպես ենք անելու»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, տեղի ունեցող միջադեպերը Հայաստանի «ապիկար դիվանագիտության արդյունքն են»:

«Պատերազմի վերսկսման վտանգ կա, այդ վտանգը նաեւ ինչ-որ չափով մեծացել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մուսինյանը` շարունակելով. - «Այդ վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է համակարգված, ճիշտ վարվող արտաքին քաղաքականություն Հայաստանի կողմից: Այս անպատասխանատու, արկածախնդիր քաղաքականությունը, որ վարվում է իշխանությունների կողմից, իհարկե, պիտի բերի նրան, որ Ադրբեջանը է'լ ավելի ցինիկաբար փորձի դիմել ուժային միջոցների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG