Մատչելիության հղումներ

Անթալիայում գները թանկացել են, փոխվել են նաեւ Հայաստանից արտագնա տուրիզմի ուղղությունները


Արտագնա տուրիզմի սեզոնի բացումը երեւանյան տուրիսսական գործակալություններում կապում են հիմնական տուրիստական երկրներ չարթերային թռիչքների մեկնարկի` հուլիսի հետ: Մինչ այդ գործակալություններն արդեն զբաղված են պատվերներ ընդունելով. առաջարկվող երկրների ցանկը 2010-ի ամռանը մեծացել է:

«Մի քանի նոր ուղղություններ են այս տարի բացվել` Թունիս, Հորդանան եւ այլն», - նշեց երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի մենեջեր Մերի Թովմասյանը: Նրա խոսքով` այս տարի նվազել է թուրքական հանգստավայր մեկնել ցանկացողների թիվը, ինչը տուրիզմի մասնագետները կապում են Անթալիայում գների բարձրացման հետ:

«Անցած տարի 4 հոգանոց ընտանիքը 5000 դոլարի սահմաններում կարող էր հանգստանալ 5 աստղանի հյուրանոցում, իսկ այս տարի նույն պայմաններով հնարավոր կլինի հանգստանալ սկսած 6000 դոլարից», - ասաց Մերի Թովմասյանը:

Փոխարենը հայաստանցիների հանգստի նախընտրություններն ուղղվել են դեպի Եվրոպա` հիմնականում Իտալիա, Իսպանիա եւ Հունաստան: Հիմնական խնդիրը, ըստ տուրիզմի մենեջերի, վիզան է:

Եվրոպական հանգստավայրերում մեկ անձը 3 աստղանի հյուրանոցում կարող է հանգստանալ առնվազն 600.000 դրամով: Նման ճոխություն իրենց թույլ տալ քչերն են կարող, այնպես որ մոտ 7 անգամ ավելի էժան գնով` 85.000 հազար դրամով, ամենամատչելի ծովափնյա հանգիստը շարունակում է մնալ վրացական հանգստավայրերում` Ուռեկի, Քոբուլեթ, Բաթում:

Հայաստանցիների համար դժվար հասանելի է մնում խորհրդային միության երբեմնի ամենահայտնի կուրորտը` Սոչին: Բարձր գներով Սոչին այլեւս անգամ Անթալիայի հետ էլ չի մրցակցում:

XS
SM
MD
LG