Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը քննադատում է համանախագահների հայտարարությունը


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ քննադատել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը դատապարտող` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը` այն որակելով «թույլ»:

Հայ դատի հանձնախմբի գնահատմամբ` այդ հայտարարությունը Ադրբեջանի համար «անվճար անցաթուղթ է ապահովում դեպի պատերազմ»:

Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը հրապարակած հայտարարությունում դատապարտել են ուժի կիրառումը եւ ափսոսանք հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ: Միջնորդները նաեւ ընդգծել են, որ «խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը այլընտրանք չկա», եւ պատերազմը չի կարող դիտվել որպես հնարավորություն:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի գնահատմամբ` «Մինսկի խմբի համանախագահները բռնության կիրառումը ընդհանուր գծերով դատապարտելու փոխարեն պետք է ուղիղ քննադատության ենթարկեին ադրբեջանական վերջին հարձակումը»: Այդ հայտարարությունը, ինչպես գնահատել է Արամ Համբարյանը, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ընձեռում է Լեռնային Ղարաբաղի դեմ վաղուց խոստացված պատերազմը սկսելու անվճար անցաթուղթ»:

Ավելի վաղ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը,
Ֆրենկ Փալոն
որտեղ նկատել է, թե «այն հանգամանքը, որ այդ դեպքը հրահրված չի եղել եւ տեղի է ունեցել հակամարտության լուծման ջանքերի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ավարտից ընդամենը ժամեր անց, առավել աղաղակող է դարձնում հարձակման փաստը»:

Հայամետ կոնգրեսականը եւս մեկ անգամ Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել վերականգնել Ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողությունը, որով Ադրբեջանին ամերիկյան օժանդակություն տրամադրելու պայման է համարվում այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը, եւ սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:

2002 թվականին ամերիկյան Կոնգրեսը երկրի նախագահին օժտել է թիվ 907 ուղղման գործողությունը սառեցնելու լիազորությամբ, ինչից հետո ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը կիրառել է այդ իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG