Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Գերմանիան սերտացնում են հարաբերությունները


Գերմանիայի կանցլերը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, Բեռլին 22 հունիսի 2010
Գերմանիայի կանցլերը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, Բեռլին 22 հունիսի 2010
Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի հետ հաշտեցման գործընթացում լավատեսություն չի ներշնչում. այդ մասին երեքշաբթի օրը Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«2008 թվականին, երբ մենք սկսեցինք այս գործընթացը, գիտակցում էինք, որ հայ - թուրքական հարաբերությունները կարող են ձեւավորվել մեծ քաղաքական կամքի դեպքում, որը, սակայն, մենք չտեսանք Թուրքիայի կողմից, եւ տեսանք անգամ, որ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում խորհրդարանում եւ սառեցրինք գործընթացը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող ներկայիս քաղաքականությունը չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը։

Հայ - թուրքական հարաբերություններից բացի, երկու առաջնորդները քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: «Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին», - հայտարարել է Անգելա Մերկելը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի համար։

Իր հերթին, Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել պաշտոնական Բեռլինին` Հարավային Կովկասի նկատմամբ որդեգրած հավասարակշիռ քաղաքականության եւ աճող հետաքրքրության, ինչպես նաեւ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։

Հանդիպման ընթացքում, ըստ Մերկելի, քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի վիզաների տրամադրման կարգը հեշտացնելու եւ երկկողմ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորությունները։

Երեքշաբթի ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Քոնրադ Ադենաուերի կենտրոնում` «Անվտանգության միջավայրը Հարավկովկասյան տարածաշրջանում» թեմայով։ Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության, Հայաստանի նախագահը իր ելույթում ցույց կտա այն ուղիները եւ տարբերակները, որոնք հնարավորություն կտան տարածաշրջանի երկրներին զարգանալ եւ Հարավային Կովկասը դարձնել անվտանգ ու կայուն, ինչպես նաեւ կընդգծի տարածաշրջանային նախագծերի դերը հակամարտությունների կարգավորման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG