Մատչելիության հղումներ

Նոր կրակոցներ շփման գծում


Հունիսի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է. - «Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Չեյիլ լեռ, Քենգեռլի, Բաշ Քարվենդ, Շխլար, Սեյսուլան եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հայկական կողմից զոհեր չկան:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը հայտարարել է, թե այսօր ադրբեջանական դիրքերի վրա հայկական զինուժի հարձակման հետեւանքով ադրբեջանցի մեկ զինծառայող է զոհվել, «հայերը կորուստներ են կրել եւ նահանջել»:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց հայկական կողմի կրած կորուստների մասին տեղեկությունը:

Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից միայն հունիսի լույս 21-ի գիշերը հրադադարի խախտման բազում դեպքեր են արձանագրվել ոչ միայն Ֆիզուլու, այլեւ առաջնային գծի ողջ երկարությամբ, եւ այդ ընթացքում «միայն ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 284 անգամ:

Հունիսի 18-ի ուշ երեկոյան, հիշեցնենք, Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է զոհված եւ վիրավոր հայ զինծառայողների անունները. Հունիսի 18-ի գիշերը զոհվել են կրտսեր սերժանտ Մնացական Գասպարյանը, շարքայիններ Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը եւ Պարույր Մելքոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG