Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` Գորիսի քաղաքապետը վերընտրվել է


Գորիսում կիրակի օրը անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալներով` գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը վերընտրվել է:ԼՐԱՑՎԱԾ

Ըստ նախնական տվյալների, որ «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, չորրորդ անգամ թեկնածությունը առաջադրած Նելսոն Ոսկանյանը հավաքել է ընտրողների քվեների ավելի քան 62 տոկոսը կամ 5264 քվե, նրա մրցակից Ավետիք Բուդաղյանի օգտին քվեարկել է 3138 ընտրող:

Նելսոն Ոսկանյանը իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եւ վայելում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը: Ավետիք Բուդաղյանը անկուսակցական գործարար է:

Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, շուրջ 16 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 8562-ը` ընտրողների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին: Անվավեր է համարվել 157 քվեաթերթիկ:

Ավետիք Բուդաղյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դիմում -բողոքներ չի ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Գնահատելով ընտրությունները` Բուդաղյանը ասաց. - «Գորիս քաղաքում, առաջին անգամ եմ ես լսում, որ 8550 մասնակցություն է ունեցել: Այդքան մարդ ինչպե՞ս կարող է ընտրություններին մասնակցել: Չգիտեմ, մտածում եմ, թե այդ ոնց է, ինչ է »:

Ընտրությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատական տվեց նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը` ասելով. - «Քվեարկությունն անցավ շատ հանգիստ, նորմալ մթնոլորտում, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ամենակարեւորը` որ շատ լավ ցուցակներ ունեինք»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ ընտրությունների օրը մարզպետը անձամբ այցելում էր ընտրական տեղամասերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքեց. - «Ես ունեմ նման ահազանգ, որ մարզպետին տեսել են տեղամասերում: Մեկում հաստատ մարզպետը` որպես Գորիսի քաղաքացի, քվեարկելու իրավունք ուներ: Ես էլ նրան խնդրել եմ` եթե անհրաժեշտություն չլինի, իզուր տեղը տեղամասերով չշրջի»:

Դաշնակցությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Համլետ Աբրահամյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ ընտրատեղամասերով մարզպետի շրջելը ընտրախախտում է, եթե Սուրիկ Խաչատրյանը որեւէ մեկի վստահված անձը չէ:

«Ազատություն» ռադիոկայանը պարզեց, որ Սուրիկ Խաչատրյանը որեւէ թեկնածուի վստահված անձը չէ:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` իսկապե՞ս վարչական աշխատողներին անձամբ է հրահանգել ընտրել Նելսոն Ոսկանյանին, Սյունիքի մարզպետը պատասխանել էր. - «Ես ոչ թե հերքում եմ, ես ուզում եմ ձեզ բացատրել, որ բոլոր կառույցներն էլ պատրաստակամ են Նելսոն Ոսկանյանին օգնելու»:

Ավետիք Բուդաղյանը օրեր առաջ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր դիմումը, քանի որ ինքնաբացարկի համար սահմանված ժամկետը լրացել էր:

Կիրակի օրը համայնքների ղեկավարներ են ընտրվել Հայաստանի մի շարք այլ համայնքներում եւս:


Անուշ Մարտիրոսյան, Գորիսից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG