Մատչելիության հղումներ

Վանի նահանգապետ. «Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին 5 հազար մարդ է մասնակցելու»


Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը Աղթամարի Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու մոտ, 29-ը մարտի, 2007թ.
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը Աղթամարի Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու մոտ, 29-ը մարտի, 2007թ.

«Թեեւ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կայանալիք պատարագին շուրջ երեք ամիս է մնացել, սակայն Վան քաղաքում գտնվող բոլոր հյուրանոցներում տեղերն արդեն պատվիրված են», - Hurriyet-ին տված հարցազրույցում նշել է Վանի նահանգապետ Մյունիր Կարաօղլուն:

Նրա խոսքով, տեղական իշխանությունները սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագից առաջ փորձելու են տեղեր ազատել նաեւ Վանի ուսանողական հանրակացարաններում, ինչը, սակայն, հայ ուխատվորների տեղավորման հարցը ամբողջությամբ չի լուծի: Իշխանությունները նպատակ ունեն այս հարցը լուծել քաղաքի շարքային բնակիչների օգնությամբ:

«Վանում բնակվող 1500 ընտանիք արդեն իսկ ցանկություն է հայտնել հյուրընկալել պատարագին ժամանող ուխտավորներին», - նշել է Կարաօղլուն` հատուկ ընդծելով. - «Այդ ընտանիքներն այժմ մանրակրկիտ ստուգման են ենթարկվում: Անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի ծագի»:

Թուրք պաշտոնյայի խոսքով, սակայն, սեպտեմբերի 19-ի պատարագի անցկացումը չի նշանակում, որ Սուրբ Խաչը վերածվում է գործող եկեղեցու: «Այն իրողությունը, որ Սուրբ Խաչում թույլատրվում է տարին մեկ անգամ հոգեւոր արարողության կազմակերպել, չի նշանակում, որ այն կորցնում է թանգարանի իր կարգավիճակը: Որեւէ թանգարան չի կարող կլոր տարին գործել նաեւ որպես եկեղեցի: Սա պարզապես բարի կամքի մեծ դրսեւորում էր մշակույթի նախարարության կողմից», - Hurriyet-ին ասել է Վանի նահանգապետը:

Աղթամար կղզու հայկական եկեղեցում թանգարանը սկսել է գործել 2007 թվականի գարնանից:

«Մինչեւ սեպտեմբերի 19-ը Սուրբ Խաչու եկեղեցու վրա խաչ կտեղադրվի, բայց զանգակատունը չի գործի», - գրում է Hurriyet-ը:

Թուրքական թերթի փոխանցմամբ` իշխանությունները բավական լրջորեն են նախապարաստվում սեպտեմբերի 19-ի արարողությանը: Հաշվի առնելով, որ Աղթամար կղզին չափերով շատ մեծ չէ, Վանա լճի հարակից ափերին մեծ էկրաններ եւ բարձրախոսներ են տեղադրվելու, որոնց օգնությամբ մարդիկ կհետեւեն պատարագի ընթացքին: Բացի այդ, հատուկ մամլո կենտրոն կբացվի թուրք եւ օտարերկրացի լրագրողների համար:

Վանի նահանգապետը նշում է, որ պատարագին զուգահեռ` Վանում կմեկնարկեն հայ - թուրքական մշակույթի օրերը: «Սեպտեմբերի 19-ից սկսած տասն օր շարունակ մշակութային միջոցառումներ են անցկացվելու Վան քաղաքի կենտրոնում գտնվող փակ մարզադահլիճում», - տեղեկացնում է թուրքական թերթը:

Ինչ վերաբերում է Վանի մերձակայքում գտնվող մյուս հայկական եկեղեցիներին, ապա, Մյունիր Կարաօղլուի վկայությամբ, «դրանցից առնվազն երկուսը շուտով վերանորոգվելու են». խոսքը Աղթամարի հարեւանությամբ գտնվող Կտուց` այժմ Չարփանակ կոչվող կղզու վանական համալիրի եւ հայտնի Վարագավանքի մասին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG