Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դատապարտում է ադրբեջանական հարձակումը, ցավակցում է զոհերի հարազատներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Մեկնաբանելով այս գիշեր հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախումը, որի ընթացքում 4 հայ զինծառայող է զոհվել, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, «մտածելու բան ունեն»։

«Ես ցավակցություն եմ հայտնում մեր չորս զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին», - լրագրողներին ասել է նախագահ Սարգսյանը, ով հունիսի 17-ից աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ հինգշաբթի երեկոյան տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։

Ադրբեջանական կողմի հարձակումը որակելով «սադրանք»՝ Հայաստանի նախագահը հայտարարել է. - «Հատկապես այս տմարդի գործողություններն անընդունելի են, որովհետեւ դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց։ Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում անպատասխան, հանգեցնում են նման եւ դեռ ավելի վատ հետեւանքների: Դա նաեւ անհարգալից վերաբերմունք է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

Բանակցությունների վրա այս միջադեպի հնարավոր ազդեցության հետ կապված հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է, որ ադրբեջանցիների գործողության հետեւանքով որեւէ բան վերանայելու խնդիր չկա, քանի որ Հայաստանը բանակցությանը գնում է հստակ նպատակով, որից երբեք չի շեղվել։

«Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը։ Դա է մեր նպատակը», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ Մարտակերտի շրջանից հայկական տարածք ներթափանցած ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը տեղի է ունեցել մարտ, հայկական կողմից կա չորս զոհ, չորս վիրավոր: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG