Մատչելիության հղումներ

Պաշտոնյաները ոստիկանության ոլորտի բարեփոխումներից ակնկալում են «էական» արդյունքներ


Հայաստան – Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները նշում են Ոստիկանության օրը՝ շքերթ անցկացնելով Երեւանի կենտրոնում, 16-ը ապրիլի, 2010թ.
Հայաստան – Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները նշում են Ոստիկանության օրը՝ շքերթ անցկացնելով Երեւանի կենտրոնում, 16-ը ապրիլի, 2010թ.

Ազգային ժողովում ուրբաթ օրը լսումներ էին անցկացվում «Ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների» վերաբերյալ։

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող լսումներին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, թե Ազգային անվտանգության խորհրդի հավանությանը արժանացած ծրագրի համաձայն, 2010-2011թթ. ընթացքում իրականացվելիք բարեփոխումները բաղկացած են լինելու 200 միջոցառումից, վերաբերելու են 11 ուղղությունների եւ ակնկալվում են մոտ յոթ տասնյակ արդյունքներ:

«Մենք ձեռնամուխ ենք եղել մեծ խորքային բարեփոխումների, որոնք իրենց էական արդյունքները տալու են», - հայտարարեց Օսիկյանը։

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «խորհրդային ոստիկանության շատ ու շատ գործելաոճեր, նաեւ բացասական երեւույթներ փոխանցվել են այս համակարգին եւ պետք է ձերբազատվել [դրանցից]»։

Լսումների մասնակից ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, կասկածում է, թե բարեփոխումները կտան իրենց արդյունքը:

«Առաջարկվող բարեփոխումները ավելի շատ կրում են ձեւական բնույթ», - կարծում է ընդդիմադիր պատգամավորը։

Լսումների ժամանակ հայտարարվեց, թե իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակներից մեկն է լինելու մեծացնել հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ, լուծում տալ ոստիկանությունում հայտնված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրներին:

«Անցկացվում են լսումներ, բայց ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն հրավիրված չէ», - արձանագրում է Հայաստանում առավել հայտնի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը՝ եզրակացնելով. - «Դա խոսում է այն այն մասին, որ դա ինչ-որ կոսմետիկ բնույթ է կրում։ Ես չեմ հավատում, որ անում են լուրջ փոփոխություններ։ Կարող էին հրավիրել իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք զբաղվում են զբաղվում են մարդու իրավունքներով եւ որոնք լավ տեղյակ են ինչ է կատարվում ոստիկանությունում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG