Մատչելիության հղումներ

Հունիսի 18-ի մամուլ


«Իրավունք»-ը հրապարակել է ՀՀՇ-ի վարչության արդեն նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցը հրաժարականից առաջ: Նախ պատասխանելով ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի պատճառների մասին հարցին` Արարատ Զուրաբյանը ասել է, թե իր կարծիքով` Քոքոբելյանը մոտ օրերս պարզաբանումներ կտա: Ինչ վերաբերում է ՀՀՇ - ՀԱԿ հարաբերություններին, Զուրաբյանը ասել է. - «Կոնգրեսի հետ որեւէ պրոբլեմ չի եղել եւ չի կարող լինել: Չի կարող, որովհետեւ մենք ինքներս շատ լավ գիտակցում ենք, որ բոլորս իրար հետ մի նպատակի ենք ձգտում` սահմանադրական կարգի վերականգնումը: Այդ խնդիրը լուծելուց հետո մենք կարող ենք այլ հարցերի անդրադառնալ: Իսկ մինչեւ այդ խնդիրները լուծելը որեւէ խոչընդոտ չի կարող ծնվել, որը մեզ կտանի հեռացման»:

Ազատության հրապարակում նախապես ծրագրված նստացույցը բոլոր դեպքերում կկայանա այսօր` անկախ նրանից, թե ինչ քայլերի կդիմեն իշխանությունները, տեղեկացնում են մի շարք թերթեր: Իսկ «Ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել է. - «Ոստիկանությունը ինչ էլ անի, միեւնույն է, հասարակությունը իր խոսքն ասելու է: Եթե ինչպես հարիր է նորմալ երկրներին, իշխանությունները առանց խոչընդոտելու թողնեն, որպեսզի անցկացնենք նստացույցը, դա կլինի հոյակապ մի ակցիա` ի պաշտպանություն քաղբանտարկյալների դատի: Իսկ եթե փորձեն խոչընդոտել, դրանով միայն ե'ւ հասարակության, ե'ւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու եւ գրավելու են այն փաստի վրա, որ Հայաստանում շարունակվում են ոտնահարվել տարրական ազատությունները»:

«ՀՀՇ-ն ճաք է տալիս, իսկ ՀԱԿ-ը այլեւս վերանում է» խորագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է Հայկ Բաբուխանյանի տեսակետը. - «Եթե Քոքոբելյանը հրաժարական է տալիս, ՀԱԿ-ի քիչ թե շատ քաղաքական միակ կառույցը` ՀՀՇ-ն, ըստ էության, ճաք է տալիս, ու ՀԱԿ-ը, կարելի է ասել, որպես ինստիտուցիոնալ երեւույթ այլեւս վերանում է։ Մնում է Տեր-Պետրոսյանը` իր միանձնյա որոշումներով. գյադե'ք, է'ս կողմ անցեք, գյադե'ք, էն կողմ անցեք։ Որ կողմ, ուր է տանում, ինչ է ասում Լեւոնը իր հետեւորդներին, որ պահին է ասում եւ ում հրամանով` լավ գիտենք. կարծում եմ, դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք գաղափարական գիծ գտնել ՀԱԿ-ի գործունեության մեջ, միակ գիծը, որ հստակ է, իշխանափոխությունն է։ Իշխանափոխություն ցանկացած ձեւով, հնարավորինս մեծ աղմուկով, երկրի համար ճակատագրական պահերին, երբ մեր ժողովուրդը կանգնած է արտաքին լուրջ մարտահրավերների առջեւ»։

«Ժամանակ» թերթի տված հարցազրույցում դերասան Հրանտ Թոխատյանը հետեւյալ կերպ է փաստարկում օտարալեզու դպրոցների անհրաժեշտությունը. - «Այո, ներկայումս ունենք անգլալեզու, ռուսալեզու, ֆրանսալեզու դպրոցներ, բայց դրանք կիսատ են: Այսօր ինձ ցույց տվեք մի դպորց, որն ավատելուց հետո երեխան առավելագույնը մեկ լեզու փայլուն կիմանա: Մեզ մոտ ամին ինչ կիսատ է մնում, անգամ հայերենն է կիսատ մնում: Այստեղ պետական լեզվին որեւէ վնաս չի լինի: Անգամ Խորհրդային Հայաստանում պետական լեզուն եղել է հայերենը: Խորհրդային կրթությունը վատը չէր: Ուրիշ բան, որ խորհրդային կրթությունը մեր լավագույն մասնագետներին վերցնում էր, կտրում հողից, տանում էր իր մոտ: Ավելին ասեմ` այստեղից շատ մեծ հաճույքով էին գնում Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ ուրիշներ: Հիմա էլ շատ ֆիզիկոսներ գնում են Դուբնա` ավելի լավ ճանապարհ գտնելով ինքնահաստատվելու: Մենք մեզ ուզում ենք եվրոպացի զգալ, բայց համ էլ չենք ուզում այդ բարքերը գան: Այդպես չի լինում: Այնպես` ինչպես ուզում ենք քաղաքացիական հասարակություն ձեւավորվի, բայց որեւէ կերպ չենք ուզում քաղաքացի դառնանք»:

«Կապիտալ» թերթը մանրամասներ է հաղորդում Կենտրոնական բանկի խորհրդի վերջին նիստից, որի ժամանակ նշվել է, թե - «12-ամսյա գնաճը նվազել է կանխատեսվածից ավելի արագ տեմպով, և չնայած գնաճային միջավայրի պահպանման ռիսկերին՝ մոտակա ամիսներին գնաճի տեմպերը կշարունակեն նվազել` պայմանավորված արտաքին հատվածից եկող ազդակներով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG