Մատչելիության հղումներ

Խալաֆյանի գործով մեղադրվող ոստիկանի պաշտպանը կասկածի տակ է առնում 24-ամյա երիտասարդի ինքնասպանության վարկածը


Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան

Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առնչությամբ մեղադրվող ոստիկանը՝ Աշոտ Հարությունյանը, պնդում է, որ Հատուկ քննչական ծառայությունը իրեն դարձրել է «քավության նոխազ»։

Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Աշոտ Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար։ Մեղադրանքը բառացիորեն ձեւակերպված է՝ այսպես. - «Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

Չարենցավանի ոստիկանության եւս 3 աշխատակիցների` օպերլիազորներ Գարիկ Դավթյանին, Գագիկ Ղազարյանին եւ Մորիս Հայրապետյանին, ավելի թեթեւ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

«Առաջադրված մեղադրանքում Աշոտ Հարությունյանը իրեն մեղավոր չի ճանաչում։ Եթե նախաքննական մարմինը օբյեկտիվ գնահատական տար ու նրան մեղադրանք գուցե առաջադրեր պաշտոնական դիրքի չարաշահման առումով, գուցե դա ինչ-որ տեղ ընդունելի լիներ Աշոտի կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը հայտարարեց Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Պաշտպանը պնդում է, որ Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքները հետաքննող քննիչները շրջանցել են Աշոտ Հարությունյանից ավելի բարձր պաշտոնյաների պատասխանատվության հարցը։

Ըստ պաշտոնական վարկածի` ապրիլի 13-ին գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկված Վահան Խալաֆյանին ցուցմունքներ կորզելու նպատակով ծեծի են ենթարկել, ինչից հետո 24-ամյա երիտասարդը ինքնասպան է եղել:

Սեդա Սաֆարյան. «Նախաքննական մարմինը շտապել է ինքնասպանություն որակել»


Սեդա Սաֆարյանի խոսքով, հատուկ քննչական ծառայության իրականացրած նախաքննությունն ուղեկցվել է մի շարք իրավական թերություններով։

«Նախաքննական մարմինը շտապել է ինքնասպանություն որակել։ Եթե տուժող կողմը սպանության վարկած է առաջ տանում, ապա նախաքննական մարմինը պիտի քննություն տաներ», - ասում է պաշտպանը։ - «Որովհետեւ այն իրավիճակը, որի մեջ, քրեական գործի նյութերից եմ ասում, ենթարկվել է Խալաֆյանը, ես չէի ասի, թե նա այնպիսին է եղել, որ կարող էր իր վրա ձեռք բարձրացնել եւ ինքնասպանություն գործել»։

Պաշտպանը նաեւ ասաց, որ առաջիկայում Աշոտ Հարությունյանը հրապարակավ կպատասխանի Խալաֆյանի սպանության եւ իրեն ներկայացված մեղադրանքի հետ կապված մի շարք հարցերի, որոնց առայժմ չցանկացավ անդրադառնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG