Մատչելիության հղումներ

Հունիսի 16-ի մամուլ


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. - «Նույնիսկ, երբ միտինգավորները հայհոյում էին պատգամավորներին, ես դրանից էլ էի ուրախանում, մտածում էի` լավ է, որ այսպես մեծ ջանքերով լեզու են պաշտպանում: Որովհետեւ, ըստ էության, ազգերը պետություններ են ստեղծել հենց լեզուն եւ հողը պաշտպանելու համար: Հայաստանը հող չունեցող երկիր է, եւ ունեցած հողն ու լեզուն մեկ արժեք են դարձել, պիտի, իհարկե, կանգնել եւ լուրջ վերաբերվել: Դրա համար էլ ասում ենք, որ մեր առաջարկությունը կներկայացնենք: Կարծում եմ` առաջին ընթերցումից հետո անհրաժեշտ է լսումներ անցկացնել: Լսումներ անցկացնում ենք ոչ թե որովհետեւ որոշ սկզբունքներ չենք ընդունել, այլ, որ մարդիկ ավելի լավ ձեւակերպումներ տան: Ինչքան հարցը քննարկվում է, այնքան նոր առաջարկություններ եւ նոր ձեւակերպումներ են առաջ գալիս: Գաղափարը մեկն է` ուզում ենք ունենալ սերունդ, որը հնարավորինս կկարողանա ե'ւ իրեն իրացնել աշխարհում, ե'ւ ազգին ծառայել»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ ընդունելության քննությունները ամեն տարի մոտ երկու ամիս դառնում են համազգային քննարկման առարկա, որն իր կարեւորությամբ գերազանցում է տնտեսական կամ քաղաքական ցանկացած խնդիր: Պատճառը պարզ է. մեզանում հիմնովին խեղված է կրթության, ուսման իմաստը: Մի կողմից, ծնողների եւ դիմորդների համար դա ինքնահաստատման ձեւ է, մյուս կողմից` կրկնուսույցների, թեստ կազմողների եւ քննական հանձնաժողովների արդամների համար, որոնք մեծ մասամբ նույն մարդիկ են, փող աշխատելու միջոց: Եվ ահա ամեն ամառ այդ երկու խմբերի միջեւ սկսվում է մինի-պատերազմ, որի ընթացքում երկրորդ խումբը փաստորեն վաճառում է բուհական տեղերը, իսկ առաջինը «բազար է անում», որ իրենց վճարի դիմաց ստանան իրենց հասանելիք ապրանքը (տեղերը): Մասնավորապես, բարդ, Մատենադարանի մագաղաթներից պեղած բառերով թեստերի հորինումը հետապնդում է հենց այդ նպատակը` հնարավորինս թանկ ծախել վերոհիշյալ ապրանքը: Ծնողներն էլ բողոքում են` «մենք դրա համար չենք վճարել» (կրկնուսույցներին)»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ մեր հասարակության մեջ չկա հարգանք քաղաքական, պետական, կուսակցական գործիչների նկատմամբ: Տարիներ շարունակ այդ գործիչները այնքան են վարկաբեկել իրենց, որ ոչ միայն հարգանքի տեղ չեն թողել, այլեւ միայն արհամարհանք ու զզվանք են առաջացրել իրենց նկատմամբ: Տգիտություն, ագահություն, ստորաքարշություն, պնակալեզություն, կեղծիք. ահա այն որակները, որոնցով օժտված են նշված անձինք: Ասենք, ինչպե՞ս հարգես այն օլիգարխին, որն ինչ-որ մեկի հրահանգով դուրս է գալիս նրա դեմ, ում հետ տարիներ շարունակ հաց է կիսել, եւ խլում է վերջինիս բիզնեսը: Կամ` ինչպե՞ս չարհամարհես այն պաշտոնյային, որը պատրաստ է հրապարակավ ամեն ստորացում տանել շեֆից ու արցունքն աչքերին խնդրել, որ խնայի իրեն` պաշտոնանկ չանի: Իսկ ի՞նչ մտածես այն գործչի մասին, որն առանց աչք թարթելու ստում է լրագրողներին եւ անգամ երդվում` իր սուտը անցկացնելու համար»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին «Կապիտալ»-ը հարցնում է. - «Հայաստանում իշխանությունների տարանջատում կա՞»: Դանիելյանը պատասխանում է. - «Ոչ: Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որն ինքն է ձեւավորում իշխանությունը, եւ այդ իշխանությունը ծառայում է հենց այդ խմբին։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են ընթանում «ընտրությունները», ինչպես են կայացվում դատական որոշումները: Մենք գիտենք նաեւ, որ գործադիր եւ օրենսդիր իշխանության տարանջատում չկա։ Որպեսզի սա հասկանանք, հեռու գնալ պետք չէ, պարզապես պետք է նայել, թե ինչպիսի օրենքներ են բերվում խորհրդարան, եւ ինչպես են այդ օրինագծերը քննարկվում ու վավերացվում, օրինակ՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այսօր իրեն ազգայնական համարող խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ միանգամից դարձել է լեզվի հարցում գերլիբերալ։ Սա նշանակում է, որ իշխանության տարանջատում չկա, իհարկե, երբեմն լինում են դեպքեր, երբ նկատվում է ինչ-որ մրցակցություն կամ հակասություն ուժային կառույցների միջեւ, որը, սակայն, ոչ թե միմյանց վերահսկելու գործընթացի հետեւանք է, այլ տարբեր խմբավորումների միջեւ առկա ներքին հակասությունների հետեւանք»:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «-Մենք առաջարկում ենք ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը իր եզրակացությունը կտա մի քանի հիմնական հարցերի վերաբերյալ, կվերլուծի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունը, ցույց կտա, թե ինչ ազդեցություն ունի համակարգի վիճակը երկրի սոցիալ-տնտեսական կյանքի, յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի վրա։ Երկրորդ՝ կգնահատի, թե ձեւավորված համակարգը որքանո՞վ է, այնուամենայնիվ, համապատասխանում սահմանադրության նորմերին։ Երրորդ՝ կներկայացնի բնագավառի բարեփոխման առաջարկություններ։ Հավանաբար քաղաքական մեծամասնությունը կգնա նաեւ այս առաջարկությունը «շրջափակելու» ճանապարհով, ինչը, կարծում եմ, ողջամիտ չէ, տրամաբանական չէ եւ կարող է ազդակ հաղորդել հասարակության ակտիվ անդամներին, որոնք ուշադրությամբ հետեւում են այս գործընթացին, եւ կօգնի՝ կողմնորոշվելու քաղաքական ընտրություն կատարելու հարցում։ Իմ կարծիքով, սա իսկապես այն հարցն է, որ կարող է համախմբել բոլոր սրտացավ մարդկանց, միաժամանակ բացահայտել կեղծ քաղաքականության կրողներին, որ կան ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ. խոսքը վերաբերում է նրանց, ովքեր պոպուլիստական հայտարարություններ են անում, բայց երբ գալիս է կոնկրետ գործողության պահը, սկսում են հետ կանգնել իրենց «սկզբունքային դիրքորոշումներից»։

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը «Ժամանակ» թերթում Դաշնակցության վերաբերյալ ասում է. - «Ես լիովին համոզված եմ, որ ի վերջո գալու է այն պահը, երբ Դաշնակցությունը պետք է կողմնորոշվի. լինել ընդդիմությա՞ն հետ, թե՞ իշխանության, հատկապես, որ իմ համոզմամբ, գալիք ընտրությունների հեռանկարը շատ հեռու չէ: ՀՅԴ-ն կարող է Կոնգրեսի հետ չլինել, բայց ակնհայտ է, որ կա երկու դաշտ` սեւ եւ սպիտակ. դու կա'մ իշխանությունների հետ ես, կա'մ` ընդդիմության: Իմ կարծիքով, նրանք կամաց-կամաց հարթում են դեպի ընդդիմության սպիտակ դաշտ գնալու ճանապարհը: Ես իրենց փոխարեն այդ քայլը միանգամից կանեի, չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք նման դանդաղ մարտավարություն ընտրել: Բայց տպավորություն ունեմ, որ իշխանությունների հետ չեն լինելու: Դաշնակցության ներսում կան ուժեր, որոնք հստակ հասկանում են, որ իշխանությունն ապագա չունի, իսկ ՀՅԴ-ի` խիստ ընդդիմադիր ներկայանալուն ուղղված որոշումները ցույց են տալիս, որ նրանք շարժվում են դեպի արմատական ընդդիմադիր դաշտ... Հիմա Դաշնակցությունում երկփեղկված վիճակ է. մի կողմից` նրանք հասկանում են, որ այս իշխանությունների հետ ապագա չկա, մյուս կողմից` ունեն ռեսուրսներ, որոնք կապված են իշխանության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG