Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցի տարածքում կառուցված երկհարկանի շինությունն անօրինական չէ


«Խոսրովի անտառ» պետական արգելոց
«Խոսրովի անտառ» պետական արգելոց

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծված «Գիլան» արգելավայրում այսօր կանգնած է երկհարկանի մի շինություն, որը դեռեւս ավարտուն տեսք չունի, առանց պատուհանների է: Թե ում է պատկանում այս կառույցը, առայժմ հայտնի չէ:

Մեր այցելության ժամանակ տեղացի մարդիկ հայտնեցին, որ շինությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանինն է կամ նրա մոսկվաբնակ մտերիմներից մեկինը, իսկ ըստ բնապահպանության նախարարության` այն պատկանում է «Հովաձոր» ՍՊԸ-ին, որի տնօրենր ոմն Տիգրան Մինասյան է:

Խոսրովի անտառը արգելոց է, որտեղ օրենքը արգելում է կառուցել որեւէ շինություն, բայց 2007-ի կառավարության մի քանի որոշումներ կառուցապատման համար ստեղծել են բարենպաստ պայմաններ. արգելոցի տարածքում ստեղծվել է երկու արգելավայր` «Գիլան» եւ «Բայբուրդ», որոնց կարգավիճակը արգելոցի կարգավիճակից ցածր է, այստեղ կարելի է կատարել շինարարություն: Ըստ արգելավայրի պահպանության կանոնադրության` այս տարածքում թույլատրվում է նաեւ «զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպում», եւ արգելավայրի հողամասերը կարող են կառուցապատման իրավունքով տրամադրվել վարձակալության, ինչն էլ տեղի է ունեցել աղմուկ բարձրացրած շինության պարագայում:

Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը հավաստիացնում է, որ ամեն ինչ կատարվել ու կատարվում է օրենքի շրջանակներում. նշված երկու տարածքների կարգավիճակը փոխվել է, որովհետեւ այդպիսին էր տարածքի բնակչության պահանջը:

Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտնում է, որ իրենք ուշադիր են ու հենց նկատեն, որ տարածքի վարձակալը խախտում է արգելավայրի սահմանափակումները եւ, օրինակ, որս է անում շրջակայքում, ապա կբարձրաձայնեն խնդիրը:
XS
SM
MD
LG