Մատչելիության հղումներ

Դպրոցական դասագրքերի որակի շուրջ մասնագետների կարծիքները հակասական են


Մասնագետների տվյալներով`Հայաստանում գոյություն ունի մոտ 240 անուն դասագիրք: «Տաթեւ» գիտակրթական համալիրի գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի կարծիքով` այդ դասագրքերի մեծ մասը համապատասխանում է դպրոցական չափորոշիչներին: Բայց մասնագետները միակարծիք չեն այս հարցում:

«Մեկ կամ երկու դասագրքի որոշ վրիպակների պատճառով չի կարելի ասել, թե ընդհանուր առմամբ հայկական դասագրքերը անհաջող են: Ես այսօրվա վիճակը գնահատում եմ բավարար, ինչը, իհարկե, մեզ չի բավարարում», - պնդում է Սոկրատ Մկրտչյանը:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով երկար տարիներ դպրոցի տնօրեն է եղել եւ ծանոթ է խնդրին, «Մաքսլիբերթիի» հետ զրույցում հակառակ կարծիքը հայտնեց` բացատրելով, որ հենց սխալ կազմված դասագրքերի ու ծրագրի պատճառով է, որ այսօր միասնական քննությունները նման ցածր արդյունքներ են ունենում: - «Դասագրքերի որակը հեռու է բավարար լինելուց. յուրաքանչյուր հեղինակ ինչ ուզում, ինչպես ուզում կազմում է», - նշեց Բաշխյանը:

«Տաթեւ» գիտակրթական համալիրի գլխավոր տնօրենի կարծիքով էլ` ո’չ հրատարակչությունները, ո’չ էլ իրենց գիտակրթական համալիրում գործող ու դպրոցական դասագրքերի որակին հետեւող հանձնաժողովը պարտավոր չեն ստեղծել այնպիսի դասագիրք, որը կապահովի համապատասխանություն քննական թեստերին:

Արդյունքում տուժում է դպրոցական տարիներին այդ դասագրքով սովորող աշակերտը, որը միասնական քննություն հանձնելու համար պետք է բոլորովին այլ բան սովորի:

Սոկրատ Մկրտչյանը դպրոցական դասագրքերի հիմնական թերություն համարում է չափազանց բարդ լեզուն եւ անմատչելիությունը, ինչը մատնանշում են նաեւ դպրոցականները: Ծնողներն էլ հիմնականում բողոքում են բնագիտական եւ պատմողական առարկաների դասագրքերից:

XS
SM
MD
LG