ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Դոցենկոն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սեկագյան արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի եւ հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցչների հետ:
Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը:
Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Սեկագյայի հետ հանդիպմանը մասնակցել են մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը, մասնավորապես, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ «մարդկանց ծեծի են ենթարկել» եւ «անարդար դատական որոշումներ կայացնել»:
Հնգօրյա այցով Հայաստան ժամանած Մարգարեթ Սեկագյայի հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախատեսված չէ:
Երեշքաշբի օրը ծրագրված է նրա հանդիպումը վարչապետի հետ: Ծրագրված են նաեւ հանդիպումներ Սահմանադրական դատարանի նախագահի, Արդարադատության նախարարի, Ոստիկակության ղեկավարության, Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Մարգարեթ Սեկագյան ցանկություն է հայտնել հանդիպել նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հետ:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը:
Ընդդիմությունը, ըստ Զուրաբյանի, պատրաստվում է հանդիպման ընթացքում ներկայացնել «քաղբանտարկյալների խնդիրները, խոսքի ազատության վերաբերյալ խոչընդոտները, վերջին քայլերը` ուղղված անկախ հեռուստատեսության բացառմանը Հայաստանում»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թվականին` փոխարինելով մինչ այդ գործող Մարդու իրավունքների հանձնաժողովին։ Խորհրդի անդամ երկրներն ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
Մարգարեթ Սեկագյան Ուգանդայից է, մասնագիտությամբ իրավաբան է, 2008 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող: Նա անկախ է գործում եւ չի ենթարկվում որեւէ երկրի կառավարական կամ ոչ կառավարական որեւէ կառույցի։
Երեւան է ժամանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողը

Հայաստանի կառավարության հրավերով առաջին անգամ փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան: