Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մովսեսյան. «Ամբողջ հեռուստառադիոյի դաշտը մոնոպոլիզիցիայի ճանապարհի վրա է»


«Ա1+» հեռաւստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:
«Ա1+» հեռաւստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ, նախօրեին Ազգային Ժողովի վավերացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն արվել են «այլ նպատակներով»։

«Ամբողջ հեռուստառադիոյի դաշտը մոնոպոլիզիցիայի ճանապարհի վրա է այս նոր գրված օրենքով: Այն, ինչ այսօր մենք ունենք, դա արդեն լճացած ու մահացած դաշտ է: Այդ դաշտի մեջ աղմուկի տակ ուզում է ծնվել մի նոր մագնատ, որը պետք է տիրի եւ իշխի այդ դաշտը: Դա իմ հիմնական մտահոգությունն է, եւ կարծում եմ, որ հանելու են դրան, որովհետեւ կա հրահանգ»:

Մեսրոպ Մովսեսյանը վստահեցնում է, որ «Ա1+»-ն անպայման մասնակցելու է հուլիսի 20-ից հայտարարվելիք հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներին։

«Ես համոզված եմ, որ մեր առաջարկած նախագիծը բավականին հետաքրքիր է, եւ ինչ-որ հաջողության պետք է հասնենք», - ասաց նա:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լիցենզավորված անձի ընտրության վերաբերյալ հոդվածի կետերից մեկով ամրագրված է հետեւյալը. լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է «գործող այն հեռուստաընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել», ու «գործող այն հեռուստաընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ»։

«Գործող հեռուստաալիք հասկացությունը ես չեմ բացառում նաեւ «Ա1+»-ի համար, որովհետեւ «Ա1+»-ը մինչեւ այսօր էլ շարունակում է գործել «Համասփյուռ» ցանցով` որպես արտադրող եւ հեռարձակող հեռուստաընկերություն, որը ունի պատմություն: Հակառակ դեպքում դա եւս կհանդիսանա խտրականություն մեր հանդեպ, քանի որ հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ մենք արդեն ինտերնետ հեռարձակման եթերում ենք», - այս կապակցությամբ ասաց Մովսեսյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը օրենքը «անորակ» գնահատեց։։ Ըստ նրա, փաստաթուղթը չի լուծում բազմակարծության եւ խոսքի ազատության խնդիրը։ Դրական որեւէ բան Նավասարդյանն օրենքում չի տեսնում:

«Բոլոր փոփոխությունները` առաջին տարբերակի հետ կապված, նոր բարելավումներ չեն. ընդամենը վերադարձ են այն իրավիճակին, որը եղել է մինչեւ այս փոփոխությունները», - հավելեց Նավասարդյանը:

Ի տարբերություն Բորիս Նավասարդյանի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանը դրական բան տեսնում է. - «Դրականը նա է, որ ընդհանրապես Հայաստանը պատրաստվում է տեղափոխվել իր հեռարձակման ոլորտում թվայնացման դաշտ: Հեռուստաընկերությունների այդ 18 թիվը, որ նշված է օրենքում, փաստորեն, դառնում է սոցիալական փաթեթ: Ի նկատի ունեն օրենքի ստեղծողները, որ բոլոր 18 ընկերությունները, որոնք գործելու են ըստ նոր կարգերի Հայաստանում, կլինեն ազատ եթերում եւ անվճար կհասնեն մարդկանց»:

Այդուհանդերձ, Նունե Սարգսյանի բնորոշմամբ` «օրենքը շատ մտահոգիչ է». - «Մտահոգիչ է առաջին հերթին այն պատճառով, որ այդ թվայնացման գործընթացը ուղղորդելու եւ դրան օգնելու պատրվակով այս օրենքի մեջ արվեցին այլ փոփոխություններ, որոնք չէին վերաբերում այս ոլորտին։ Եվ իրականում մեզ պետք էր նոր օրենք ստեղծել: Բայց այն, ինչ ձեւով արվեցին այսօր փոփոխությունները, իրականում ոչ մի դրական զարգացումների չի բերելու»:

Նունե Սարգսյանը լուրջ կասկածներ ունի նաեւ, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը» ապահովում է բազմակարծության ապահովումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG