Մատչելիության հղումներ

Մեկնարկեց համաշխարհային ֆուտբոլի միամսյակը


Սլավա Սարգսյան
Սլավա Սարգսյան

Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալել է Աֆրիկա մայրցամաքը։ Առաջնությանը մասնակցում են 5 աշխարհամասերից 32 հավաքականներ։ Առաջին փուլում կազմված է 6 խումբ, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 4-ական թիմ։ Այդ խաղերի արդյունքում խմբերից լավագույն 2-ական թիմեր դուրս կգան հաջորդ փուլ։

Չնայած Հայաստանի հավաքականը երբեւէ չի մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց դա չի խանգարում, որպեսզի այն դառնա տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հանրային հեռուստաընկերության սպորտստուդիայի տնօրեն, սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանի կարծիքով ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումը ամենադիտվող հաղորդումներից մեկն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Սլավա Սարգսյանն ասաց, որ այս տարի դժվար է ասել, թե ով կլինի հաղթողը: Ըստ նրա` կան մի քանի ֆավորիտներ, այդ թվում` Անգլիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Իսպանիայի հավաքականները:

«Ես համակրում եմ գեղեցիկ ու դիտարժան խաղ ցուցադրող թիմերին` Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինա», - ասաց փորձառու մեկնաբանը` հավատացնելով, որ իր նախընտրությունը որեւէ կերպ չի անդրադառնա խաղերի մեկնաբանության վրա:

Ըստ Սլավա Սարգսյանի` բացի նշված ֆավորիտներից, կան նաեւ անկանխատեսելի հավաքականներ, որոնք հիմնականում ներկայացնում են Աֆրիկա մայրցամաքը:

«Աֆրիկյան թիմերը այս տարի բավականին ուժեղ են», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց բուքմեյքեր Տիգրան Մաթեւոսյանը: Աֆրիկյան ուժեղ թիմերի շարքում նա առանձնացրեց Գանայի հավաքականը:

XS
SM
MD
LG