Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը


Յոհանեսբուրգի Soccer City մարզադաշտում տեղի կունենա հանդիսավոր բացումը, որին ներկա կլինեն պետական եւ հասարակական գործիչներ տարբեր երկրներից, ելույթ կունենան շոուբիզնեսի աշխարհահռչակ աստղեր։ Ապա առաջինը խաղադաշտ դուրս կգան տանտերերի` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության եւ Մեքսիկայի ազգային հավաքականները։

8 խմբերում ընդգրկված 4-ական թիմեր պայքարելու են 1/16-րդ եզրափակիչ դուրս գալու համար, այդ իրավունքը վաստակելու են խմբի առաջին երկու տեղերը գրաված թիմերը։ 1/16-րդից սկսած մրցաշարը ընթանալու է գավաթային սկզբունքով` պարտվողը լքելու է առաջնությունը։

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան հուլիսի 6-ին եւ 7-ին։ Հուլիսի 10-ին կխաղարկվեն բրոնզե մեդալները, եւ վերջապես հուլիսի 11-ին՝ կիրակի օրը, տեղի կունենա առաջնության վերջին` 64-րդ հանդիպումը, որի հաղթողն էլ կվաստակի արդիական ֆուտբոլի ամենաբաղձալի մրցանակը` Աշխարհի գավաթը։

«Աֆրիկան կարող է հպարտանալ, որ դարձավ աշխարհի համար այս մեծագույն իրադարձության կազմակերպիչը», - ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթերը։

«Ֆուտբոլի զարգացման հարցում մենք երկար ճանապարհ ենք անցել այն օրվանից, երբ, ըստ պատմաբանների, 1862 թվականի օգոստոսի 23-ին այստեղ Քեյպթաունում տեղի է ունեցել առաջին ֆուտբոլային հանդիպումը»,- ասել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման։

Մարզական մեկնաբանների կարծիքով, հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Բրազիլիայի, Իսպանիայի եւ Արգենտինայի թիմերը։ Հաղթանակի լավ հնարավորություններ ունեն ներկայիս չեմպիոն Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG