Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրները հավանաբար կմերժեն Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը վերացնելու առաջարկը


Եվրամիության երկրները ամենայն հավանականությամբ կմերժեն կառույցի արտգործնախարար Քեթրին Էշթոնի առաջարկը՝ Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները վերացնելու մասին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը։

Կազմակերպությունը աշխատում է Հայաստան–Եվրամիություն կապերն ամրապնդելու ուղղությամբ եւ պարբերաբար այս հարցի շուրջ հանդիպումներ ունենում անդամ 27 երկրների ներկայացուցիչների հետ։

Ղազարյանի խոսքով, մասնավորապես, առաջարկին դեմ են արտահայտվում կառույցի նոր անդամները՝ Արեւելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաեւ Շվեդիայի, Իտալիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները։ Փորձագետներից շատերն են նշում, որ այդ նախաձեռնությունը կարող է նվազեցնել Եվրամիության ներկայությունը Հարավային Կովկասում, սահմանափակել երեք երկրների կառավարությունների անմիջական կապը Բրյուսելի հետ եւ հստակ ազդանշան ուղարկել, որ այս երկրները դուրս են մղվում Բրյուսելի առաջնահերթություններից։

Քննադատելով եւ մտահոգություն հայտնելով ներկայացված առաջարկի վերաբերյալ՝ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը միեւնույն ժամանակ ընդգծում է՝ այս նախաձեռնությունը ուղղված չէ որեւէ երկրի դեմ։

«Այն պետք է դիտարկել Լիսաբոնի պայմանագրով Եվրամիության ներսում կատարվող ներքին համակարգային փոփոխությունների եւ Եվրամիության դիվանագիտական կորպուսը` Արտաքին գործողության ծառայությունը ստեղծելու՝ Քեթրին Էշթոնի ջանքերի համատեքստում», - ասում է Սարգիս Ղազարյանը։

Թեեւ որեւէ պաշտոնական փաստաթղթում այդ մասին դեռեւս խոսք չկա, այդուամենայնիվ, այժմ Բրյուսելում լուրեր են շրջանառվում, որ համակարգային բարեփոխումների արդյունքում եվրամիության արտգործնախարարը կարող է առաջարկել նաեւ միավորել Հարավային Կովկասում գործող երեք դեսպանատները։

«Այս միտումը հակասում է վերջին տարիների եվրամիության կողմից հռչակված եւ հաջողությամբ իրականացված քաղաքականությանը՝ յուրաքանչյուր երկրին անհատական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ», - զգուշացնում է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունն ու ընդգծում. - «Դիվանագիտական ներկայացուցչությունները խիստ անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների եւ Եվրամիության կողմից այս տարածաշրջանում իրականացվող ծրագրերի համար»։

«Հաջորդ շաբաթ եւս կազմակերպության ներկայացուցիչները այս խնդրի շուրջ հանդիպում կունենան եվրոպացի դիվանագետների հետ, փորձում ենք հանդիպում կազմակերպել նաեւ արտգործնախարար Քեթրին էշթոնի հետ», - նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ այս պահին իրենց մոտ տպավորություն կա, որ էշթոնի նախաձեռնությանը այս նախաձեռնությունը եւս հավանություն չի ստանալու Եվրամիության երկրների շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG